«Հայաստան» համահայկական հիմնադրամը 20 տարեկան է

Նախագահ Սերժ Սարգսյանը վարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Իր գոյության 20 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ավելի քան 200 միլիոն դոլար է հանգանակել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կարիքների համար:

Մինչեւ օրակարգի հարցերի քննարկումը, Հայաստանի նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նիստի մասնակիցներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ. - «Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը: Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն եւ հպարտություն է ներշնչում»:

Նիստում քննարկվել եւ հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամի՝ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանի թեկնածությունը: Խորհուրդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվել է Արա Վարդանյանին:

Ջերրի Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետուհի Արմինե Կարապետին ընդվզեց` մտահոգություն հայտնելով, թե ընդգրկվելով հիմնադրամում` կառույցները դրամահավաք կազմակերպելու հնարավորություն են ստանում: Ի պատասխան Արա Վարդանյանը պարզաբանեց, որ որեւէ կազմակերպություն չի կարող դրամահավաք անցկացնել` առանց տվյալ երկրի տեղական մարմնի:

Նիստի մասնակիցները դիտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2011 թվականին կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը, որից հետո Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2011 թվականին կատարած աշխատանքների մասին:

Նիստի ընդմիջմանը հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ այս տարի հիմնադրամը, ի թիվս այլ ծրագրերի, իրագործելու համայնքային կենտրոնների կառուցումը:

«Գյուղերում կառուցվելու են կենտրոններ, որոնք իրենց մեջ ունենալու են գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների սրահ, գրադարան եւ կոմպյուտերային սրահ», - պարզաբանեց Վարդանյանը:

Հարցին` դժվար է արդյո՞ք գումարներ հանգանակելը, նա արձագանքեց. - «Գումարները միշտ էլ դժվար է հավաքագրել… Կան բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնք իրագործում են տարատեսակ ծրագրեր: Մենք փորձում ենք միշտ տարբերվել մի պարզ բանով, որ մենք ամենաթափանցիկն ենք, մենք անցնում ենք բոլոր տեսակի ստուգումները եւ դա ենք օգտագործում մեր դրամահավաքի հիմքում… Այլ խնդիր է, որ կա մի մեծ մաս հայերի, որոնք, ցավոք սրտի, միայն ազգանունով են հայ մնացել եւ, ապրելով այլ երկրներում, չեն էլ ուզում որեւէ կերպ կապված լինեն իրենց հայրենիքի հետ»:

Your browser doesn’t support HTML5

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 20 տարեկան է