Մոսկվայում դանակահարել են լրագրող Սերգեյ Ասլանյանին

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի լոգոն

Երեկ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքում դանակահարել են «Էխո Մոսկվի» եւ «Մայակ» ռադիոկայանների լրագրող Սերգեյ Ասլանյանին։ Լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց, ըստ բժիշկների` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Ասլանյանին զանգահարել են եւ խնդրել դուրս գալ փողոց։ Լրագրողը իր բնակարանից դուրս է եկել, սակայն որեւէ մեկին չի տեսել եւ վերադարձել է շենքի շքամուտք, որտեղ էլ նրա վրա հարձակվել է անհայտ անձը` դանակով մի քանի հարված հասցնելով։

Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է, որ փաստի կապակցությամբ քննություն է սկսել։ Հանցագործության հնարավոր շարժառիթների թվում իրավապահները ուսումնասիրում են նաեւ լրագրողի մասնագիտական գործունեության վարկածը։