Վարորդները որոշ խախտումների համար ավելի շատ կտուգանվեն

2012 թվականի փետրվարին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում:

Փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2012 թվականի հունիսի 2-ից: Համաձայն փոփոխությունների՝ ավելացվել է տուգանքների մի մասի չափը, որոշ տուգանքներ էլ նվազեցվել են:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, գնահատելով օրենսդրական փոփոխությունների արդյունքում տուգանքների սակագների ավելացման փաստը, ասաց, թե իր կարծիքով խնդիր է դրվել «ավելացնել արտաբյուջետային ֆոնդը»:

«Սա է մեր կարծիքով հիմնական խնդիրը այս օրենքի, ոչ թե խստություն ստեղծել, որ վարորդները հետեւեն երթեւեկության կանոններին եւ այլն: Այն, ինչ մինչեւ հիմա ձեռնարկվել է, լրիվ բավական է նրա համար, որ վարորդները լինեն կարգապահ», - ասաց Հովհաննիսյանը:

Հունիսի 2-ից ուժի մեջ մտնող փոփոխություններից Հովհաննիսյանն առանձնապես սպասելիքներ չունի:

«Ոչ մի բան չի փոխվելու, միայն մեզ ավելի շատ կդիմեն դատարան դիմելու համար», - ասաց նա:

Փոփոխությունների արդյունքում նախկին 90-ի փոխարեն, այսօր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում ամրագրված է խախտման 104 տեսակ: Դրանցից մի քանիսը «Աքիլես» կազմակերպության ղեկավարի գնահատմամբ հստակ չեն:

Այդուհանդերձ, Էդուարդ Հովհաննիսյանը նկատում է, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումից հետո վարորդները էլ ավելի ուշադիր ու կարգապահ են դարձել, իսկ ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության տեսուչների աշխատանքին, ապա Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք ընդհանուր առմամբ կարգուկանոն պահպանում են:

«Կարելի է ավելի բարձրացնել այդ կարգուկանոնը: Երեւում է, որ աշխատանք տարվում է: Եթե նախկինում մի վարչական որոշում չկար, որ մեջը մի բան չգտնեինք, ապա հիմա որոշում չկա, որ մեջը ինչ-որ բան գտնենք», - ասաց Հովհաննիսյանը:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի խոսքով, տուգանքների խստացումը ամենեւին էլ արտաբյուջեն լցնելու նպատակ չի հետապնդում:

«Ճանապարհային ոստիկանության խնդիրները ոչ թե արտաբյուջե լցնելն է, այլ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումն է: Խստացումները նրանց են վերաբերում, որոնք մինչեւ այժմ փորձը ցույց է տվել, որքան էլ արձանագրվում են այդպիսի խախտումներ, վերջնական արդյուքն չեն տալիս [չեն նվազում], այդ իսկ պատճառով նման խախտումների վերաբերյալ խստացում է գնացել», - ասաց Սարգսյանը:

Ի դեպ, հունիսի 2-ից ուղեւորի ամրագոտի չկապելու համար կտուգանվի վարորդը: