Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չի պատրաստվում դուրս գալ ԲՀԿ-ից

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից:

Սա նշանակում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին այսօրվա հայտարարությունից հետո Արթուր Գրիգորյանը չի շարունակի պաշտոնավարել կառավարությունում:

«Եթե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս է գալիս, եւ ես ԲՀԿ-ի անդամ եմ, ինչպե՞ս կարող եմ շարունակել [պաշտոնավարումը]: Չեմ պատրաստվում ԲՀԿ-ից դուրս գալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Գրիգորյանը:

Կառավարությունում ԲՀԿ-ն ունի նախարարական չորս պորտֆել` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

ԲՀԿ-ական նախարարներին կառավարության այսօրվա նիստից հետո հանդիպել չհաջողվեց. նրանք հավանաբար դուրս էին եկել ետնամուտքից:

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ ԲՀԿ-ն հրաժարվել է մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ասաց. - «Այս պահին կա կուսակցության կողմից արված հայտարարություն, ընդամենը հայտարարության շրջանակներում ինչ կա, դա է»:

ԲՀԿ-ական մյուս նախարարների հետ կապվել չհաջողվեց:

Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվածներից 28-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Ինքնաբացարկ ներկայացրածների թվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը, կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի վերլուծական վարչության պետ Արթուր Թամազյանը եւ մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը:

Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաեւ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվածներից 67-ը: Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ այդ մարդիկ առնչվում են գործադիրի հետ եւ շարունակելու են աշխատել այդ մարմնում:

Your browser doesn’t support HTML5

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չի պատրաստվում դուրս գալ ԲՀԿ-ից