ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը։

«Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն», - «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված հայտարարության գրավոր տեքստում ասել է Ծառուկյանը։ - «Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»:

Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը բաժին էր ընկել իշխող Հանրապետական կուսակցությանը, 37-ը՝ ԲՀԿ-ինը, 7-ը՝ Հայ ազգային կոնգրեսին, 6-ական՝ ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին, 5 մանդատ՝ «Ժառանգությանը»։


Ռուզաննա Ստեփանյան