Մայիսի 22-ի մամուլ

«ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «ԲՀԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղում հանգրվանած եւ կոալիցիան անհամաձայն Հմայակ Հովհաննիսյանը հայտարարում է, թե արդեն ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ու ինքը չի ցանկանում մասնակցել այդ խաղին: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ հերքում է` ասելով, թե համաձայնության ոչինչ չկա, եւ կոալիցիայի հարցը դեռ պարզ չէ: Թե ով է նրանցից ավելի մոտ իրականությանը, թե ով է ավելի ազնիվ` թերեւս հետաքրքիր էլ չէ, քանի որ ՀՀԿ - ԲՀԿ այդ կոալիցիան իշխանական կարկանդակի հավակնորդներից բացի, որեւէ այլ սուբյեկտի համար առանձնապես բախտորոշ կամ ճակատագրական չէ, քանի որ իր տակ չունի սոցիալական բազա: Այստեղ հետաքրքրական է մեկ այն հանգամանք: Փաստացի արձանագրվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական` երրորդ նահանջը, ինչը, ըստ էության, նույնիսկ հիշեցնում է Պետրոսի երեք ուրացումը աքլորականչից առաջ»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Անցած օրերին Սարգսյան - Ծառուկյան հանդիպում եղե՞լ է»: Պատասխան. - «Մի բան կարող եմ ասել, որ վերջնական որոշում չկա. եթե կոալիցիա էլ լինի, կոալիցիան, ինչպես նախկինում եմ ասել, կլինի միայն միասնական ծրագրերի եւ այդ ծրագրերի ղեկավարի շուրջ` նախագահի միասնական թեկնածուի, եւ դա կլինի Սերժ Սարգսյանը: Քանի դեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես որեւէ բան չի ասել, դեռ ոչ մի բան էլ պարզ չէ: Կոալիցիայի մասին, ինչպես նախորդ անգամ ասացի` հաջորդ դասին… Ես` դեռեւս մինչեւ մայիսի 1-ը որպես Ազգային ժողովի փոխնախագահ, ասում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների, գործադիրի, վարչապետի հետ կապված որեւէ վերջանական որոշում կայացված չէ: Վերջնական որոշումները կկայացվեն ՀՀԿ գործադիրի նիստում, որը, հավանաբար, կլինի հինգշաբթի, ուրբաթ օրերին, եւ ես կպատասխանեմ բոլոր հարցերին»: Հարց. - «Այսինքն, այդ օրերին ցուցա՞կ են ներկայացնելու, թե ովքեր են լինելու Հանրապետական պատգամավորները»: Պատասխան - «Այո: Բնականաբար, քանի որ մայիսի 31-ին նոր խորհրդարանի առաջին նիստն է լինելու, մինչեւ այդ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում»:

Նույն հարցի շուրջ «Երկիր»-ը գրում է. - « Բոլոր փորձերը` ՀՀԿ-ական վերնախավի այս կամ այն ներկայացուցչից ճշտել որեւէ կարեւոր տեղեկատվություն կամ իմանալ ներկուսակցական վերաձեւումների վերաբերյալ որեւէ էական մանրամասն, գրեթե միշտ եւ անխուսափելիորեն դեմ են առնում նույն այդ վերնախավի վախեցած վկայակոչումներին, թե այդ մասին կասի, կորոշի, կհայտարարի կուսակցության ղեկավարը: Կարող է թվալ, թե գործ ունենք ներկուսակցական աստիճանակարգության եւ աստիճանահարգության այնպիսի հստակ մեխանիզմի հետ, որ պիտի միայն հարգանք հարուցեր: Ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամագրված կուսակցությունը չի կարողանում ձերբազատվել առաջնորդապաշտության, վերջինիս հանդեպ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով դրսեւորվող հպատակության ու հլության «որակներից»: Այլ կերպ ասած` իշխող կուսակցության պարագայում չի ձեւավորվել նույնիսկ այն արժանապատիվ կուսակցական վերնախավը, որը կուսակցության որոշումներին կարող էր կոլեգիալության անհրաժեշտ պատրանք հաղորդել»:

«Հայոց Աշխարհ»-ը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Լեւոն Մելիք-Շահնազարյանին հարցնում է. - «ՆԱՏՕ-ի Չիկագոյում մեկնարկած գագաթաժողովին ոչ թե նախագահի, այլ արտգործնախարարի մակարդակով մասնակցելու որոշումն ինչպե՞ս եք գնահատում»։ Պատասխան. - «Համարում եմ, որ չգնալը ճիշտ էր։ Այդ կազմակերպությունները ընդհանրապես անելիք չունեն Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, որովհետեւ առաջնորդվում են ոչ թե արդարության կամ նույնիսկ միջազգային իրավունքի սկզբունքներով, այլ քաղաքական նկատառումներով, եւ նման միջոցառումներին մասնակցել՝ նշանակում է սասանել ե՛ւ մեր դիրքերը, ե՛ւ մեր արժանապատվությունը։ Ինչո՞ւ մասնակցել մի միջոցառման, որի մասնակիցներն արդեն իսկ ունեն սեփական որոշումը, որը չի տեղավորվում ո՛չ միայն հիմնախնդրի արդարացի լուծման վերաբերյալ մեր պատկերացումների, այլեւ Մինսկի խմբի գործընթացի տրամաբանության շրջանակում»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Ուշադրություն դարձրեք` վերջին ընտրություններում, մոտավոր հաշվարկներով, ընտրակաշառք է բաժանվել մոտ կես միլիոն մարդու, այսինքն` Հայաստանում տեղի է ունեցել հանցագործություն, որն առնվազն կես միլիոն վկա ունի, բայց որը հնարավոր չէ ապացուցել: Բայց արդյո՞ք հնարավոր չէ: Դեռեւս մայիսի 6-ից մի քանի օր առաջ բազմաթիվ խանութներում վաճառողները դժգոհում էին, որ մանր փող չկա, բոլորը 10-հազարանոցներով են առեւտուր անում: Երեկ էլ ահա Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրեց հերթական թվերը, ու պարզվեց, որ ապրիլին մանրածախ առեւտրաշրջանառության ծավալները մարտ ամսվա համեմատ ավելացել են միանգամից 3.4 տոկոսով: Սա շատ մեծ թիվ է, որովհետեւ սովորաբար ոչ մի ամիս այդ աճը մեկ տոկոսից ավելի չի լինում: Ընդ որում` այս աճը հաստատ մայիսին էլ է շատ բարձր լինելու, որովհետեւ ընտրակաշառքների զգալի մասը բաժանվել է ընտրություններից մեկ-երկու օր առաջ կամ հենց նույն օրը»:

Your browser doesn’t support HTML5

Մայիսի 22-ի մամուլ