Ստրոս-Կանը այժմ էլ կասկածվում է «խմբակային բռնաբարության» մեջ

Ֆրանսիայում դատախազները նախնական քննություն են սկսել այն պնդումների հետ կապված, ըստ որոնց` Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը Միացյալ Նահանգներում մի կնոջ «խմբակային բռնաբարության» է մասնակցել։

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքի դատախազները հայտնել են, որ ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում 2010 թվականի դեկտեմբերին։

Լիլում Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրենը եւ եւս երեք մարդ արդեն իսկ մեղադրվում են կավատության փաստով հարուցված գործով։

Դոմինիկ Ստրոս-Կանը հրաժարական տվեց Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնից 2011 թվականի մայիսին, երբ նրան Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու բռնաբարության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ Այս գործը հետագայում կարճվեց դատախազների կողմից։