Ռուսաստանում նշանակվեց նոր կառավարությունը

Ռուսաստան -- Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (3-ը աջից) եւ նախագահ Վլադիմիր Պուտինը (սեղանի գլխավերեւում) մասնակցում են նոր ձեւավորված կառավարության նիստին, Մոսկվա, 21-ը մայիսի, 2012թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունում 21 նախարար կա։ Ստեղծվել են նախարարական երկու նոր` Հեռավոր Արեւելքի հարցերով եւ բաց կառավարության հետ կապերի գծով նախարարների պաշտոններ։

Մեդվեդեւը նաեւ 7 տեղակալ ունի, որոնցից մեկը վարչապետի առաջին տեղակալն է. այս պաշտոնում նշանակվել է Իգոր Շուվալովը։

Կառավարության նախկին կազմի նախարարներից իրենց պորտֆելները պահպանել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը եւ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն։