Ռոդ Այլենդի օրենսդիր մարմինը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի անկախությունը

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմինը երեկ բանաձեւ է ընդունել, որում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին։

ԱՄՆ-ում հրատարակվող The Armenian Weekly պարբերականի փոխանցմամբ` նահանգային խորհրդարանը իր ընդունած բանաձեւում նաեւ խրախուսում է «որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու»` Ղարաբաղի շարունակական ջանքերը եւ բարձր գնահատում չճանաչված հանրապետության «կառուցողական ներգրավվածությունը միջազգային հանրությունում եւ առկա տարածաշրջանային հիմնախնդիրների երկարատեւ լուծման հասնելու նրա ջանքերում»։

Քվեարկությանը տեղի հայ համայնքի ազդեցիկ գործիչների հետ մեկտեղ ներկա է գտնվել նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով երախտագիտություն է հայտնել Ռոդ Այլենդի օրենսդիր մարմնին։ «Հուսով եմ, որ մարդու իրավունքների եւ արդարության մեր ընդհանուր արժեքներին [Ռոդ Այլենդի] օրենսդիր մարմնի նվիրվածությունը օրինակ կդառնա այլ օրենսդիր մարմինների համար Միացյալ Նահանգներում եւ երկրի սահմաններից դուրս», - հայտարարել է Ավետիսյանը։