Քաղաքագետը հակված է կարծել, որ կոալիցիա կլինի

Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրումից հետո, 17-ը փետրվարի, 2011թ.

Հայաստանյան քաղաքական տրամաբանությունը ենթադրում է, որ կոալիցիա կարող է լինել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Երբ Հանրապետական կուսակցությունը ընտրությունների արդյունքում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը, ապա կոալիցիայի մասին խոսելը դառնում է անիմաստ։ Սակայն մենք ունենք մեր հայաստանյան քաղաքական տրամաբանությունը, որը ենթադրում է, որ, այնուամենայնիվ, կարող է կոալիցիա լինել», - ընդգծեց նա։

Հարցին, թե որն է համարում այս անորոշության պատճառը, երբ ընտրություններից արդեն 11 օր է անցել, սակայն դեռեւս հստակ չէ` ի վերջո կոալիցիա ձեւավորվում է, թե` ոչ, քաղաքագետը արձագանքեց. - «Այս քանի օրերի լռությունը, փաստորեն, հենց վկայում է այդ իրավիճակի արհեստականության մասին, որովհետեւ երկու կողմն էլ` թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ը, թե՛ Հանրապետական կուսակցությունը, կարծում եմ, պարզապես իրենց ասելիքը դեռ չեն որոշել»։

Իսկ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` նախագահի թեկնածու ունենալու հանգամանքը ինչ նշանակություն ունի կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու հարցում` այդ առնչությամբ Մեհրաբյանն ընդգծեց. - «Տրամաբանությունն է հուշում, որ այդ հնարավոր կոալիցիայի գլխավոր պայմանը կլինի այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պաշտպանի Հանրապետական կուսակցության թեկնածուի, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013 թվականի ընտրություններին։ Եթե այդ հարցը լուծվում է, ապա հաշվի առնելով ներհայաստանյան քաղաքական տրամաբանությունը` կոալիցիայի հարցը ինքնըստինքյան կարելի է համարել լուծված»։

«Ես ավելի շատ հիմքեր ունեմ հակվելու նրան, որ [կոալիցիա] կլինի, քան` հակառակը։ Տրամաբանությունն այն է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, այնուամենայնիվ, համաձայնելով այդ պայմաններին` դառնում է իշխանության մաս եւ օգտվում է իշխանության «բարիքներից», ինչ մինչեւ հիմա նա արել է։ Իսկ հակառակ դեպքում նա դառնում է ընդդիմություն` մնալով կոտրած տաշտակի առաջ», - ամփոփեց քաղաքագետը։