Մայիսի 17-ի մամուլ

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Խոստովանենք` Հայաստանում նախընտրական քարոզարշավ կազմակերպելն այլեւս անիմաստ է: Ի՞նչ իմաստ ունի մեկ ամսից ավելի չքնել, մտածել, տեխնոլոգներ վարձել, կարգախոս հորինել, քննարկումներ կազմակերպել տարբեր ոլորտի մասնագետների հետ եւ ծրագրեր պատրաստել, երբ ընդամենը մի քանի ժամում կարելի է ուզածդ տոկոսը հավաքել ու ասել, թե` ընտրություններն անցան ժողովրդավարական նորմերի համաձայն, իսկ ժողովուրդն էլ հոժարակամ ընտրեց նրանց, ում վստահում էր: Հետահայաց վերլուծելով ԱԺ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը` այլ եզրահանգում հնարավոր չէ: Բոլոր փաստերը դա են ապացուցում: Ահավասիկ, ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը, որն իր ուսերին կրեց հանրապետության նախագահը, դրա վառ ապացույցն է: Նախ, միայն այն, որ ինքը չվստահեց կուսակիցներից ոչ ոքի, եւ վերջիններս հրապարակային ելույթներով հանդես չեկան, արդեն խոսում է այն մասին, որ այստեղ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ասում է. - «Կոալիցիան ձեւավորվում է այն ժամանակ, երբ խորհրդարանում չկա մեկ ուժ, որը չունենա ԱԺ տեղերի կեսից ավելին եւ միայնակ չի կարողանա ձեւավորել կառավարություն: Եթե ԱԺ-ում կա քաղաքական ուժ, որը կարող է միայնակ ձեւավորել կառավարություն եւ ընդունել կառավարության համար անհրաժեշտ օրենքները, ապա այդ կոալիցիան դառնում է ձեւական, անիմաստ կոալիցիա: Տվյալ դեպքում, մայիսի 6-ից հետո Ազգային ժողովում ՀՀԿ-ն ունի 75 տեղ, ինչը նշանակում է, որ ինքը միայնակ կարող է ձեւավորել կառավարություն: Իսկ եթե ձեւավորվի կոալիցիա, որի մեջ կմտնի նաեւ ԲՀԿ-ն, դա կլինի արդեն ձեւական կոալիցիա, որը կբխի ՀՀԿ-ի շահերից: Դա կծառայի 2 այլ խնդիրների, մասնավորապես ՀՀԿ-ն էլ է հասկանում, թե ինչպես է ՕԵԿ-ը ԱԺ մտել, եւ ինչպես է ԲՀԿ-ն ԱԺ մտել. ՀՀԿ-ին անհրաժեշտ է իրեն կպցնել ԲՀԿ-ին, որով նա իր վարկանիշը կբարձրացնի հոգեբանական տեսակետից եւ կիջեցնի ԲՀԿ-ի վարկանիշը ՕԵԿ-ի մակարդակի»:

Նույն խնդրին է անդրադառնում «Ժամանակ»-ը. - «Առնվազն տարօրինակ կլիներ, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեր, թե նոր կոալիցիայի մեջ է մտնում ՀՀԿ-ի հետ հանուն պորտֆելների, հանուն նախարարական տեղերի եւ իշխանական այլ քվոտաների: Այդ իմաստով տրամաբանական է, որ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը բոլորին հիշեցնում է, որ ԲՀԿ-ն որեւէ քայլի կգնա միայն պետության եւ ժողովրդի շահերից ելնելով: Խորհրդարանի ընտրության քարոզարշավին ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե ինքը պատրաստ է հանուն ժողովրդի գնալ նաեւ ռիսկի եւ կորցնել ինչ-որ բաներ: Ներկայումս, երբ ԲՀԿ-ն քննարկում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, արդեն հարց է առաջանում` իսկ արդյոք Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս պատրաստ է այդպիսի քայլերի` պատրա՞ստ է կորուստների, պատրա՞ստ է գնալ ռիսկի, թե՞ այդ ամենը ընդամենը նախընտրական պոպուլիզմի հարց էր»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - « «Ո՞րն էր այս ընտրությունների յուրահատկությունը։ 20 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմության ձայներն այսպես հեշտությամբ տրվեին իշխանության, այս դեպքում՝ կոալիցիայի ներկայացուցիչներին։ Ցավոք սրտի, ընդդիմադիր որոշ ուժեր, հատկապես ՀԱԿ-ը, իր պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները՝ ընտրակաշառքները, բարեգործության անվան տակ ձայներ գնելը, եւ արդյունքը եղավ այն, որ կարողացան ընդդիմությունից խլել 15-20 տոկոս ձայն։ Իմ կարծիքով, դա տեղի ունեցավ այդ, այսպես կոչված, միասնական շտաբի գործունեության հետեւանքով, որը կոտրեց ընդդիմության ողնաշարը։ Սա դավադրություն էր ընդդիմադիր զանգվածի նկատմամբ՝ 22 տարվա մեր քաղաքական կենսագրությունը նման դավադրություն չէր տեսել»:

«Առավոտ»-ը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից մեկնաբանություն է խնդրել ՀԱկ-ից հեռացողների հետ կապված: Սարգսյանը հարցին հարցով է պատասխանել «Ովքե՞ր են հեռանում, տեղյակ չեմ»: Երբ հիշեցրել են Աշոտ Զաքարյանի, Արամ Սարգսյանի մասին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ «Հանրապետության» որոշումն ու մոտեցումները հարգում է. - «Դա նրանց իրավունքն է, մենք բոլորս անկախ կուսակցություններ ենք, եւ ոչ մեկս երդում չի տվել, որ ամբողջ կյանքում ՀԱԿ-ի կազմում կլինենք: Իհարկե, դա մեզ չի վերաբերում, բայց չեմ կարող չհարգել Արամ Սարգսյանի կարծիքը: Նրան կանաչ ճանապարհ, մենք միասին 4-5 տարի աշխատել ենք, որի համար շնորհակալ եմ, եւ մաղթում եմ ամենայն բարիք»: Իսկ հարցին, թե այսօր «Հանրապետությունից» բացի, ուրիշ անդամների կողմից դժգոհություններ չկա՞ն ՀԱԿ-ի վարած քաղաքականությունից՝ նա պատասխանել է. - «Այսօր ընդհանրապես երկրում մի վիճակ է ստեղծված, որ բնականոն ընթացք է տեղի ունենում: Դա ոչ միայն ՀԱԿ-ում է, դա «Ժառանգությունում» է, դա «Բարգավաճում» է, դա ՀՀԿ-ի ներսում է: Եկել է մի պահ, որ բոլորն իրենց հաշիվ են տալիս, թե ինչպես պիտի շարունակեն: Ես ամեն դեպքում մեր կազմում առանձնապես մեծ դժգոհություններ չեմ տեսնում»:

Your browser doesn’t support HTML5

Մայիսի 17-ի մամուլ