«Սառեցված» հակամարտությունը մոտենում է «եռման կետի՞ն»

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները (կենտրոնում) Ստեփանակերտում զորահանդեսի ժամանակ: 9-ը մայիսի, 2012 թ.

Վերլուծաբան Ուեյն Մերրիի համոզմամբ, Արեւմուտքը Ղարաբաղի հարցում պետք է ոչ թե հետեւի ապարդյուն միջնորդական գործընթացին, այլ արագ գործի։
Վաշինգտոնում տեղակայված «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ուեյն Մերրին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ հայ-ադրբեջանական վեճը կարող է ավարտվել ռազմական բախումով, եւ արեւմտյան երկրները պետք է հնարավորինս արագ միջամտեն եւ կանխեն նոր պատերազմը։

«2008-ին Հարավային Օսիայի շուրջ ռուս-վրացական հակամարտությունը բացարձակ անակնկալ էր արեւմտյան կառավարությունների համար։ Թեպետեւ մեծ թվով փորձագետներ ամիսներ շարունակ ահազանգել էին վտանգի մասին։ Այսօր մտահոգիչ ազդանշաններ են հասնում Հարավային Կովկասի մեկ այլ հատվածից` Լեռնային Ղարաբաղից, եւ դրանք վկայում են այդ տարածքի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերսկսման հնարավորության մասին», - գրում է վերլուծաբանը։

Նրա համոզմամբ` 1994 թվականին հաստատված հրադադարը «շատ փխրուն է». - «Լուրջ խախտումները դարձել են առօրյա եւ սովորական, եւ այդ ամենին զուգահեռ ընթանում է սպառազինությունների էական մրցավազք։ Դրան գումարվում է նաեւ այն, որ երկու կողմերն էլ պատերազմի վերսկսումը միանգամայն հնարավոր են համարում։ Դիտորդները վտանգի մասին են խոսում, կողմերն էլ չեն ցանկանում վերանայել իրենց դիրքորոշումները»։


«Բենզինի գին» անվամբ Արեւմուտքի նյարդային հանգույցը

«Դրսի ուժերը կարող են կամ սպասել այն պահին, որ «սառեցված հակամարտությունը» (վերլուծաբանի համոզմամբ` բացարձակ անհաջող եւ իրավիճակին չհամապատասխանող տերմին) անցնի «թեժ փուլ», կամ էլ կարող են փոխել իրենց նախաձեռնությամբ իրականացվող եւ ներկայումս փակուղի մտած միջնորդական առաքելությունը։ Նշանակալի կոնֆլիկտը Ղարաբաղում կլինի շատ ավելի լուրջ 2008-ի ռուս-վրացական պատերազմի համեմատությամբ` մասամբ այն պատճառով, որ ուժերի հարաբերակցությունը քիչ թե շատ հավասար է, մասամբ էլ այն պատճառով, որ հակամարտությունը կծավալվի նավթի եւ գազի խոշոր տրանզիտային ուղիներից ոչ հեռու գտնվող տարածքում», - գրում է Մերրին` եզրակացնելով. - «Այսպիսով, ղարաբաղյան եւս մեկ պատերազմը կարող է հարվածել եվրոպացիների եւ ամերիկացիների համար ամենացավոտ նյարդային հանգույցին, որի անունն է «բենզինի գին»։

Ուեյն Մերրին գրում է, որ ինքը Վաշինգտոնում զրուցել է խնդրին տեղյակ մարդկանց հետ, բացի այդ, վերջերս Երեւանում ներկա է եղել միջազգային խորհրդաժողովի եւ իր անձնական նախաձեռնությամբ այցելել է Ղարաբաղ, հանդիպել զինվորականներին, եղել է «ուրվական քաղաք» Աղդամում, եղել է նույնիսկ շփման գծի մոտ գտնվող խրամատներում` ադրբեջանական դիրքերից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։

Հեղինակի խոսքերով, Ղարաբաղում անցկացրած երեք օրերի ընթացքում տագնապ է ներշնչել ոչ այնքան խրամատների, զենքի եւ տեխնիկայի մեծ քանակը, որքան խաղաղ բնակիչների եւ զինվորականների հետ խոսակցություններից ստացված տպավորությունը։


Պատերազմի «հինգ շարժիչ ուժերը»

Նա ասում է, թե այցին աջակցել է հայկական կողմը, սակայն դա բնավ չի նշանակում, որ ինքը կողմերից մեկին է սատարում։ Այցից հետո Մերրին հանգել է այն եզրակացության, որ հավանական պատերազմն ունի «հինգ շարժիչ ուժ»։

Առաջին. 1994 թվականի հրադադարը ոչ թե նվազեցրել է պատերազմի վտանգը, այլ է'լ ավելի է միմյանցից վանել կողմերին։ Հիմա ոչ այնքան «ոչ պատերազմ - ոչ խաղաղություն» վիճակ է, որքան «նախապատերազմական»։ Բուն Ղարաբաղում եւ դրան հարող գրավյալ տարածքներում ադրբեջանցիներ չկան, Հայաստանից գրեթե ամբողջությամբ հեռացել են ադրբեջանցիները, Ադրբեջանից գրեթե ամբողղջությամբ հեռացել են հայերը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ կառավարական կառույցների շփումներ գրեթե չկան։ Երկու կողմն էլ կարծրատիպերի վրա հիմնված թշնամանքի եւ ատելության քարոզ են իրականացնում։

Երկրորդ. ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությունը, դժբախտաբար, չի նվազեցնում պատերազմի վտանգը։ Երկու տասնամյակ շարունակվող միջնորդությունը շոշափելի արդյունք չի ապահովում։ Սա ոմանց, հատկապես Ադրբեջանում, ստիպում է մտածել «վճռական միջոցներով» հարցը լուծելու մասին։ Բաքուն եւ Երեւանը իրենց քաղաքացիներին չեն կրթում, չեն տեղեկացնում, չեն ներշնչում հարցը փոխզիջման տարբերակով լուծելու միտքը։ Երկու հասարակություններն էլ ունեն առավելագույնը կորզելու ակնկալիք։ Այս մթնոլորտում չես զարմանում, երբ ոմանք կարծիք են հայտնում, որ թերեւս ճիշտ կլինի գոնե միառժամանակ սառեցնել Մինսկի խմբի լիազորությունները, քանի որ դա կարող է օգուտ բերել դիվանագետներին։

Երրորդ. Տարածաշրջանում սպառազինությունների շատ լուրջ մրցավազք է։ Միայն Ղարաբաղում կա 300 տանկ, ինչը մեկ շնչի հաշվով թերեւս ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում։ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում սպառազենի համար, Հայաստանն այն Ռուսաստանից ստանում է քիչ թե շատ հարմար գներով։

Չորրորդ. Շփման գծում հրադադարի խախտումները այնքան հաճախ են դարձել, որ կողմերը երբեմն դրանց մասին նույնիսկ չեն էլ տեղեկացնում օտարերկրացիներին։

Հինգերորդ գործոնը, ըստ վերլուծաբանի, ամենաահավորն է. կողմերի մոտ ձեւավորվում է մի թեզ, ըստ որի հնարավոր բախումը գուցեեւ ոչ այնքան անխուսափելի է, որքան ցանկալի, քանի որ «այն ի վերջո ինչ-որ լուծում կտա». - «Ադրբեջանցիները ասում են, թե իրենց ֆինանսական ներդրումները բանակը դարձրել են մարտունակ, եւ այն «կարող է կարճ ժամանակամիջոցում վերադարձնել տարածքները», հայերն էլ ասում են, թե փողը կարեւոր չէ, քանի որ ««փողով ադրբեջանցիները չեն կարող ձեռք բերել զինվորի այն հմտությունը, որը հայերն ունեն»։


Պաշարման պատերազմ

«Ղարաբաղյան նոր պատերազմը 1991-94 թվականների պատերազմի կրկնությունը չի լինի։ Առաջինը հետեւակի եւ որոշ չափով ծանր տեխնիկայի, հրետանու եւ օդուժի կոնֆլիկտ էր։ Դրանից հետո Ղարաբաղը հետզհետե վերածվել է ամրոցի, որը հզորացնում են դրա բնական լեռնային տեղանքը եւ լավ մշակված պաշտպանական խորքային համակարգերը», - պնդում է Մերրին: - «Ռազմավարության հիմքում կլինեն ամրապնդված պաշտպանական դիրքերը եւ հրապատնեշը, տարածությունը եւ տեղանքը, որոնք կընձեռեն հակառակորդի ուժը թուլացնելու եւ ժամանակ շահելու հնարավորություն։ Ուստի, նոր պատերազմը կլինի պաշարման պատերազմ։ Պաշարման կամպանիան ենթադրում է երկու գործոն` ռմբահարումներ եւ գրոհ։ Երկու երկրներն էլ պատրաստվում են փոխադարձ հզոր ռմբահարումների, ինչը պահանջում է հեռահար հրետանի, հրթիռային համակարգեր, ռազմամթերքի պաշարներ եւ անօդաչու հետախուզական ինքնաթիռներ։


Թիրախը` բնակչություն եւ քաղաքացիական օբյեկտներ

Սակայն այդ ամենը, ըստ ամերիկացի վերլուծաբանի, պատերազմում վճռական դեր չի ունենա, ուստի, երկու կողմերն էլ պատրաստվում են հարվածներ հասցնել քաղաքացիական թիրախներին եւ բնակչությանը. - «Երկու կողմերի համար էլ կենսական նշանակության թիրախները բուն Ղարաբաղի սահմաններից դուրս են. Ադրբեջանում դրանք նավթի եւ գազի խողովակներն են, Հայաստանում ատոմակայանն է։ Եթե դրսի ուժերի կողմից արագ չպարտադրվի հրադադար, ապա պատերազմը կթեւակոխի երկար ձգվող փուլ»։

«Երկու կողմերն էլ ունեն շարժունակ մեծ ուժեր, անօդաչու ինքնաթիռներ եւ արդիական տեխնիկա։ Հայաստանը չպետք է թերագնահատի Ադրբեջանի զինուժի մարտունակությունը։ Նույնիսկ մարտական արվեստում երբեմն անկատար ուժը, եթե մեծաքանակ է եւ ունի լավ զինանոց, մարտի դաշտում կարող է ահագին առաջ գնալ», շարունակում է Մերրին. - «Միաժամանակ Ադրբեջանը չպետք է գերագնահատի իր արդիականացվող բանակի հզորությունները, քանի որ Հայաստանը շատ ծանր աշխատանք է տարել իր ոչ մեծաթիվ բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար եւ ամբողջությամբ կօգտվի տեղանքի, ամրությունների եւ խորը պաշտպանության առավելություններից։


Հայաստանը` հայկական միակ կողմ

Ուեյն Մերրին նշում է, թե ասելով «կողմեր» ինքը նկատի ունի Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ «Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը այս հակամարտությունում ոչ այնքան ինքնիշխան կողմ է, որքան այս ամենի արդյունքում Հայաստանի մարզ դառնալու հեռանկարով մի տարածք». - «1991-94 թվականների պատերազմի ժամանակ Հայաստանն անմիջականորեն միջամտել է, եւ եթե նոր պատերազմ լինի` նույնը կանի էլ ավելի մեծ ծավալով։ Ղարաբաղում կա տեղական իշխանություն, եւ այնուամենայնիվ հիմնականում գյուղատնտեսական համակարգով այդ տարածքը գոյատեւում է Հայաստանից ու հայկական սփյուռքից ստացվող միջոցների շնորհիվ»։

Ըստ հեղինակի, այնտեղ առկա են նաեւ ներքին տարաձայնություններ, սակայն «գործնականում կա հայկական մեկ կողմ` Հայաստանը»:


Սխալ հաշվարկը համաշխարհային թեմա կդարձնի Ղարաբաղը

«Կողմերից որեւէ մեկի աննշան սխալ հաշվարկը, ենթադրենք երկուսինն էլ, կհանգեցնի տոտալ պատերազմի, որն անմիջապես մոլորակի մամուլի ուշադրության կենտրոն կբերի Ղարաբաղը։ Օտարերկրացի քաջատեղյակ աղբյուրների համոզմամբ, ուժերի հավասարությունը, այնուամենայնիվ, կթեքվի պաշտպանվող կողմի օգտին, բայց դա կտրվի չափազանց ծանր գնով», - պնդում է նա։


Ռուսաստան եւ Թուրքիա` կողմերի հովանավորներ

Խնդիրներից մեկն էլ, ըստ Ուեյն Մերրի, այն է, որ կողմերից յուրաքանչյուրը տարածաշրջանում ունի իր հովանավոր-գերտերությունը. - «Հայերի համար դա Ռուսաստանն է, որի հետ Հայաստանն ունի դաշինք եւ որը հանդիսանում է Հայաստանի պաշտպանության երաշխավորը։ Սակայն դա Ղարաբաղին անմիջականորեն չի վերաբերում։ Այնուամենայնիվ եթե պատերազմն անցնի բուն Հայաստանի սահմանները, ապա դաշինքի` Ղարաբաղին չներառելու դրույթն այլեւս էական նշանակություն չի ունենա»։

«Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր նշանակություն ունի, ուստի ռուսներին ձեռնտու չի լինի, իրենց «հաճախորդի» պարտությունը, դա նշանակում է, որ Բաքվի վրա Մոսկվայի ազդեցությունը այդ ժամանակ կարող է վճռական դառնալ», - շարունակում է վերլուծաբանը. - «Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ իրավական պարտավորություն չունի, բայց Ղարաբաղի խնդիրը քաղաքական մեծ հնչեղություն է ստացել Թուրքիայում եւ հենց այդ խնդիրն է դրվել որպես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նախապայման։ Պատերազմի դեպքում «եղբայրներին սատարելու» պահանջը կարող է մեծ դեր խաղալ։ Բացառվում է, որ այդ պատերազմի արդյունքում միմյանց դեմ հակամարտեն Ռուսաստանը եւ Թուրքիան, իրականում Մոսկվան եւ Անկարան այսօր բավական լավ կապեր են հաստատել։ Սակայն երկուսն էլ անուղղակի ձեւով կմրցեն` սատարելով հակամարտող կողմերին»։


Պատերազմը անխուսափելի չէ... առայժմ

«Հայ-ադրբեջանական նոր պատերազմը չի կարելի համարել ոչ անխուսափելի եւ ոչ էլ մոտալուտ։ Այնուամենայնիվ մթնոլորտը շատ ավելի վտանգավոր է, քան տարիներ առաջ, եւ միտումը տանում է դեպի բախում։ Եթե այն չկասեցվի, ապա այդ հասունացումը կհանգեցնի տրամաբանական հանգուցալուծման», - պնդում է վերլուծաբանը։ - «Կողմերը պատասխանատվությամբ չեն գործում, ուրեմն, մեկ ուրիշը դա պետք է անի։ Ի՞նչ է հնարավոր։ Ավելի քան 20 տարի ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը փորձում են դիվանագիտական առաջխաղացում ապահովել, կողմերին ներգրավում են բարձր մակարդակով բանակցությունների։ Սակայն այդ նախաձեռնությունները ձախողվում են։ Դժբախտաբար, Երեւանում եւ Բաքվում քաղաքական լիդերները չեն ցանկանում դրանք ընդունել, կամ ընդունելու խիզախություն չունեն»։

Միջնորդներն, ըստ Ուեյն Մերրիի, ցայսօր «շփվում են միայն իշխանությունների, բայց ոչ ժողովուրդների հետ»։


Ընտրությունների տարում նոր առաջարկներ հազիվ թե լինեն

2012 թվականը միջնորդ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար նախագահական ընտրությունների տարի է, ուստի, ըստ Մերրիի, դժվար թե ներկայացվեն «սառեցված հակամարտության» կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ. - «Մինչդեռ, իրավիճակը պարտադրում է դրսի ուժերի քաղաքական գործողություն, ընդ որում` բարձր մակարդակով, քանի որ չի կարելի երկու փոքրիկ երկրներին թույլ տալ` վտանգել տարածաշրջանային եւ միջազգային շահերը»։

Ուեյն Մերրիի համոզմամբ, Թուրքիան պետք է կարգավորման գործընթացի կողմ լինի. - «Թուրքիան ոչ միայն կովկասյան մեծ տերություն է, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանը, եւ տարածաշրջանային հարցերում մեծ դերակատարություն ունի ու հետզհետե հզորացնում է իր կշիռը թե' անվտանգության ասպարեզում եւ թե' որպես քաղաքական ուժ։ Թուրքիայի առաջատարությունն այս հարցում ողջունելի կլինի»։


Կովկասն իր տրամաբանությունն ունի

«Պետք է հասկանալ, որ ձգձգումը խիստ վտանգավոր է։ Կովկասում զարգացումներն ունեն իրենց օրենքներն ու տրամաբանությունը, դրանք անկախ են Ամերիկայի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի քաղաքական օրակարգից», - նշում է ամերիկացի վերլուծաբանը: - «2008 թվականի օգոստոսյան պատերազմից տուժել են բոլորը` չնայած այն բանին, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան գոհ են Վրաստանից անջատվելուց։ Այստեղ հետպատերազմական իրավիճակը, հավանաբար, շատ երկար ժամանակով սառեցված կլինի»։


«Պյուռոսյան հաղթանակի» փոխարեն իրական կարգավորում

Ուեյն Մերրիի կարծիքով, հայերից եւ ադրբեջանցիներից շատերը ենթադրում են, որ հավանական պատերազմը կարող է իրենց կողմի հաղթանակով ավարտվել։ Մինչդեռ, դա կողմերից յուրաքանչյուրի համար կլինի «պյուռոսյան հաղթանակ». - «Միակ բանը, որի կարիքը կա` նախաձեռնությունն է, որը անհրաժեշտ է Մինսկի խմբի մշակած տարբերակի շրջանակներում խնդրի վերջնական կարգավորման համար։ Անդադար միջնորդության փոխարեն լուծում է պետք, իսկ դրա համար անհրաժեշտ է դրսի ուժերի լուրջ համագործակցություն։ Անհրաժեշտ է հորդորել կողմերին` խաղաղություն կնքել, գուցեեւ պետք է պարզապես պարտադրել համաձայնագրի տեսքով լուծում, որը ցավագին զիջումներ կպահանջի երկու կողմից։ Կարգավորմանը կնպաստեն խաղաղարար առաքելությունն ու վերակառուցման հնարավորությունը»։


Հետեւանքների ընդունումը նոր պատերազմից գերադասելի է

«Մեծ հաշվով դրսի ուժերից պահանջվում է քաղաքական խիզախության լիցք հաղորդել կողմերին, որոնք ճշմարտությունը չեն ասում իրենց բնակիչներին։ Առանցքային ճշմարտությունն այն է, որ երկու տասնամյակ առաջ տեղի է ունեցել պատերազմ, որն ունեցել է հետեւանքներ», - գրում է Մերրին` պարզաբանելով. - «Դրանք գուցեեւ չես անվանի «ճիշտ», «իրավացի» կամ «արդար», բայց դրանք են հետեւանքները։ Եվ այդ հետեւանքների ընդունումն ավելի գերադասելի է, քան մի նոր պատերազմը»։

«Ժամանակն է, որ դրսի ուժերը` հանուն իրենց իսկ շահերի, անցնեն միջնորդությունից անդին։ Միջազգային այսօրվա մթնոլորտում դա բարդ հարց է, սակայն Լեռնային Ղարաբաղի վեճի կարգավորման գործընթացը երրորդ տասնամյակ տեղափոխելը լուծում չէ, ինչպես եւ նոր պատերազմի սպասելը», - իր հոդվածը եզրափակում է ամերիկացի վերլուծաբան Ուեյն Մերրին։