Մայիսի 12-ի մամուլ

«Հայկական ժամանակ»-ը արձագանքում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսից դուրս գալը չբացառելու մասին հայտարարություններին, գրելով. - «Պարոն Սարգսյանի հայտարարությունը կազմված էր երկու մասից. առաջինը մանդատից հրաժարվելու մասն է, երկրորդը` Կոնգրեսից դուրս գալու հնարավորության։ Մանդատից հրաժարվելու որոշումը հասկանալի է, որովհետեւ ինքը` Սարգսյանը, բազմիցս հայտարարել է, որ իրեն չի տեսնում խորհրդարանականի դերում։ Կոնգրեսից դուրս գալու քայլը, սակայն, պետք է առնվազն նշանակի, որ Սարգսյանն առաջիկա քաղաքական գործունեության հստակ պլան, տեսլական ունի։ Այդ տեսլականն է, որ տվյալ պահին չի երեւում։ Եվ «Հանրապետությունում» տեղի ունեցող պրոցեսները կարելի կլինի գնահատել միայն այն բանից հետո, երբ Սարգսյանը առաջիկա գործունեության հստակ ծրագիր ներկայացնի»։

«Ժամանակ»-ը շարունակում է անդրադառնալ վերջին օրերին ամենից շատ քննարկվող հարցին` ԲՀԿ - ՀՀԿ հարաբերություններին։ Թերթը գրում է. - «ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը հանդիսացող Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ եթե Բարգավաճ Հայաստանը մտնի կառավարող կոալիցիայի մեջ ՀՀԿ հետ, ապա ինքը չի մտնի այդ ձեւական կոալիցիայի պատասխանատվության տակ։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս հայտարարությունը ուշագրավ է, սակայն` ոչ միանշանակ։ Բանն այն է, որ դա կարող է նշանակել թե՛ այն, որ Օսկանյանը պարզապես վայր կդնի մանդատը, թե՛ նաեւ այն, որ նա մանդատի հետ միասին վայր կդնի նաեւ կուսակցական անդամատոմսը։ Այս իմաստով, փաստորեն, ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ մտնելու դեպքում ԲՀԿ-ում առաջանում է երկու թեւ` մեկը կոալիցիայի մեջ մտած թեւը, իսկ մյուսը, այսպես ասած` Օսկանյանի թեւը, որը փաստորեն լինելու է ընդդիմադիր կեցվածքով։ Եթե, իհարկե, Վարդան Օսկանյանը մանդատից բացի` վայր չդնի նաեւ անդամատոմսը։ Սա իսկապես հետաքրքրական զարգացումներ է խոստանում Բարգավաճ Հայաստանում, որի պարագայում, թերեւս, շատ դժվար էր պատկերացնել, որ Գագիկ Ծառուկյանի այդ միաձույլ կառույցը կարող էր հայտնվել այդպիսի երկիմաստ վիճակում»։

«Երկիր»-ը «Պարալիզացված կառավարում» վերնագրված խմբագրականում արձանագրում է. - «Ընտրությունների գրեթե ողջ ընթացքում թե՛ օրենսդիր եւ թե՛ գործադիր իշխանությունները փաստացի չէին գործում։ Պատգամավորներն ու նախարարներն աշխատանքի չէին գնում, գրեթե ամբողջությամբ դադարել էր տեղեկատվական հոսքը պետական գերատեսչություններից։ Այնպիսի տպավորություն էր, թե ոչ միայն նախարարներն են արձակուրդ գնացել, այլեւ կառավարչական հիմնարկներ հանդիսացող` պետական մարմինների աշխատակազմերը։ Այս փաստացի պարալիզացման պատճառն այն էր, որ ողջ պետական կառավարման համակարգը ժամանակավորապես վերածվել էր իշխանության կուսակցության նախընտրական շտաբին կից ոչ ֆորմալ կառույցի` նրա ենթակայության տակ գերկենտրոնացնելով վարչական ողջ ռեսուրսը»։ «Հիմա էլ չեն աշխատում, որովհետեւ սպասում են նոր կառավարության ձեւավորմանը։ Եվ սա ցույց է տալիս, թե պետական կառավարման համակարգը ինչպիսի կախվածության մեջ է հայտնվել ոչ միայն քաղաքականությունից, այլեւ անձերից», - եզրահանգում է անում թերթը։

«Հայոց աշխարհ»-ը գնահատում է. - «Խորհրդարանական ընտրություններից հետո ծավալված քննարկումների, ասպարեզ նետվող տեսակետների ու մեկնաբանությունների բազմազանության մեջ կա մեկը, որն առավել բնութագրական է հատկապես պարտված կամ իրենց ուզածին չհասած ուժերի եւ գործիչների համար։ Դա սեփական անհաջողության մեղքը ժողովրդի ուսերին բարդելու, նրան կաշառվող ու պատեհապաշտ համարելով՝ ինքնաարդարացման ուղիներ փնտրելու ձգտումն է։ Նման մտայնությունը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ օտարների մեջ թյուր պատկերացում է ստեղծում հայ ժողովրդի բարոյական նկարագրի վերաբերյալ, այլ որովհետեւ խանգարում է ինքնագոհ սիրամարգի կեցվածք ընդունող այդ քաղաքական գործիչներին հայելու մեջ տնտղելու սեփական կերպարանքը»։

Վկայակոչելով քաղավիացիայի այն տվյալները, ըստ որոնց` այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 50 հազար մարդ, եւ որ նախորդ տարվա համեմատ այս թիվը ավելացել է 11 տոկոսով, «Չորրորդ ինքնիշխանություն»-ը հեգնում է. - «Փաստորեն, եթե հավատանք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թվերին, Հայաստանը դատարկվում է։ Հետեւաբար` հավատալ պետք չէ։ Եվ ընդհանրապես` ուղեւորների հաշվարկ կատարել չի կարելի. անհարմար բան է ստացվում։ Փոխարենը պետք է ամիսը մեկ ընտրություններ կազմակերպել եւ հաշվել ոչ թե օդային ճանապարհով Հայաստանից հեռացածներին, այլ ցամաքային ճանապարհով ընտրատեղամասեր մտածներին։ Այդ դեպքում Հայաստանի բնակչությունն անշեղորեն կաճի»։


Your browser doesn’t support HTML5

Մայիսի 12-ի մամուլ