ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները երկու ամսից կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը երկու ամիս անց կներկայացնի Հայաստանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը։ Այդ մասին հայտնել է դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան այսօր Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ։

Այդ զեկույցում, ըստ Շեկերինսկայի, կներկայացվեն նաեւ հետընտրական որոշ դիտարկումներ, առաջարկներ:

Նիկոյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապասխան անցկացումը, հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:

Սամվել Նիկոյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվել են Ազգային ժողովի նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի կողմից: Նա նշել է, որ հետագայում աշխատանքներ կտարվեն արձանագրված թերացումների վերացման համար, որոնք, այդուհանդերձ, ըստ Նիկոյանի, ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` Ազգային ժողովը պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են իրենց զեկույցներում: Դրանցում մասնավորապես նշվել է, որ Ընտրական օրենսգիրքն իրոք կայուն հիմքեր է ապահովում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների կազմակերպման համար: Կան նաեւ զարգացման ենթակա ուղղություններ, սակայն այդ հարցում, նրա խոսքով, շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա», - հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շեկերինսկան ճիշտ որոշում է որակել Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի ստեղծումն ու կարեւորել այն աշխատանքը, որ տարվել է միասնաբար: Խմբի աշխատանքներին ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, եւ եզրահանգումն այնպիսին է, որ նախադեպը չունեցող այս ձեւաչափը կարելի է կիրառել նաեւ հետագայում: