Արամ Սարգսյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։

«Վայր եմ դնում Ազգային ժողովի պատգամավորի իմ մանդատը եւ հաջողություն եմ մաղթում Հայ ազգային կոնգրեսին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ», - հայտարարեց Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելեց, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկվելու է Հայ ազգային կոնգրեսի հետ հետագա համագործակցության ձեւաչափը։ Ըստ Սարգսյանի` չի բացառվում նաեւ Կոնգրեսից դուրս գալու հեռանկարը։

Արամ Սարգսյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած համամասնական ցուցակում։ Ընտրություններից առաջ էլ նա հայտարարել էր Կոնգրեսի` խորհրդարան մտնելու դեպքում մանդատից հրաժարվելու պատրաստակամության մասին։


Անուշ Մարտիրոսյան