Crystal Hall-ը կառուցել է Ալիեւի ընտանիքին պատկանող ընկերությունը

Ալիեւն ու կինը այցել են Բաքվում հատուկ «Եվրատեսիլի»-ի համար կառուցված Crystal Hall

Այս ամսվա վերջին Ադրբեջանում կմեկնարկի «Եվրատեսիլ 2012»-ը. եվրոպական երկրներից հազարավոր հյուրեր կժամանեն Բաքու, որտեղ իշխանությունները շքեղ ընդունելություն են կազմակերպել եւ հենց այդ նպատակով ծովափին հսկայական, ապակեպատ շենք կառուցել։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, շինարարության վրա ծախսվել է ավելի քան 130 միլիոն դոլար, եւ այսօր նոր համերգասրահը կարող է միանգամից 23 հազար հանդիսատես տեղավորել:

Նախապատրաստական շրջանում երկրի իշխանությունները անձամբ էին հետեւում այս տպավորիչ շենքի կառուցմանը, պարբերաբար այստեղ էին այցելում անգամ նախագահ Ալիեւն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան։ «Ազատություն» ռադիոկայանի եւ կոռուպցիայի դեմ պայքարող տեղական կազմակերպություններից մեկի համատեղ հետաքննությունը, սակայն, պարզել է, որ այդ այցերը ոչ այնքան հայրենասիրական էին, որքան շահադիտական, քանի որ հսկայածավալ կառուցապատումն իրականացվել է նախագահական ընտանիքին պատկանող կազմակերպության կողմից։

Այսպես, պաշտոնական աղբյուրների համաձայն, շինարարության համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել գերմանական Alpine Bau Deutschland AG ընկերությունը, մինչդեռ տեղում՝ կառուցապատման ժամանակ աշխատող սարքավորումների վրա դրոշմված է այլ` տեղական Azenco ընկերության անունը։ Գերմանացիները պատճառաբանել են, թե Azenco-ն ճանաչվել է որպես ենթակապալառու, սակայն, հրաժարվել են մանրամասնել, թե որ մրցույթով եւ ինչ պայմաններով։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խաջիդա Իսմայիլովան այնուհետեւ սկսել է հետաքրքրվել` ում է պատկանում Azencoն. պարզվել է, որ դրա ետեւում կանգնած են մի շարք ընկերություններ՝ թաքցնելով իրական սեփականատերերին։

Ադրբեջանի Սեփականության եւ անշարժ գույքի գործակալության պաշտոնաթերթում, մասնավորապես, նշվում է, որ Azenco-ի բաժնետոմսերի 97 տոկոսը պատկանում է Interenerji ընկերությանը։ Իր հերթին Interenerji-ի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Բաքվում գրանցված ADOR կազմակերպությանը։ ADOR-ի գրանցման փաստաթղթերում որպես իրավաբանական հասցե նշված է «Սամեդ Վուգունի փողոց, 7», որտեղ ընկերության գրանցման պահին բնակվել են Մեհրիբան Ալիեւան, Լեյլա Ալիեւան եւ Արզու Ալեիւան՝ նախագահի կինն ու երկու աղջիկները։

«Եվրատեսիլ»-ի համար կառուցված շքեղ շենքը նախագահական ընտանիքին վստահված միակ շինությունը չէ… Azenco-ն նաեւ մասնակցել է վիթխարի մեկ այլ ծրագրի՝ Բաքվում պետական դրոշին նվիրված հրապարակի կառուցմանը, որտեղ ամիսներ առաջ կանգնեցվեց Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաբարձր դրոշակաձողը։ Թեեւ ամիսներ անց Դուշանբեն գերազանցեց այս ռեկորդը, այդուամենայնիվ, հրապարակը բավական թանկ նստեց Ադրբեջանի վրա՝ մոտ 40 միլիոն դոլար, որի մի մասը տրամադրվել է պահուստային ֆոնդից, մյուս մասը՝ պետբյուջեից։ Նշենք, որ Ադրբեջանի կառավարությունը մինչ օրս հրաժարվում է պարզաբանել՝ ինչպես եւ ինչ մրցույթով է շինարարության պատվերը հենց նախագահական ընտանիքին պատկանող Azenco ընկերությանը տրվել։

«Սա ընդամենը մի օրինակ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է յուրացվում Ադրբեջանի նավթային հարստությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասել է Բաքվում աշխատող անկախ փորձագետ Ազեր Մեհտիեւը եւ մանրամասնել. - «Նավթի վաճառքից հսկայական գումարներ են հոսում պետբյուջե, զուգահեռաբար, սակայն, մենաշնորհներ են հաստատվում տնտեսական դաշտում, կառուցապատման խոշոր ծրագրերը հիմնականում տրամադրվում են բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերություններին։ Կառավարությունը գաղտնի է պահում այդ ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկությունները, եւ, որպես կանոն, պայմանագրերը կնքվում են օֆշորային գոտիներում՝ հնարավորություն չտալով, որ հասարակությունը վերահսկի գործընթացը»։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խաջիդա Իսմայլովան, ով, ի դեպ, ընդամենը մի քանի ամիս առաջ Բաքվում աղմկահարույց շանտաժի ենթարկվեց, դիմել է նախագահական ընտանիքին ու առաջին տիկնոջը՝ վերջիններիս ունեցած սեփականության մասին տեղեկություններ տրամադրելու խնդրանքով։ Լրագրողի հայցադիմումները, սակայն, այդպես էլ մնացել են անպատասխան. չեն արձագանքել ո՛չ նախագահի աշխատակազմը, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որտեղ պատգամավոր Մեհրիբան Ալիեւան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել իր սեփականության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ երկու տարի առաջ էլ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը ուսումնասիրել էր պետական ավիացիոն ընկերության սեփականաշնորհման գործընթացը եւ պարզել, որ Բաքվի միջազգային օդանավակայանում եւ ավիացիոն ոլորտում ծառայություններ մատուցող, 23 ընկերություններից կազմված Silk Way Holding-ը տնօրինում է նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը` 23-ամյա Արզու Ալիեւան։ Երկու տարի առաջ նախագահի խոսնակը հաստատել էր տեղեկությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է պարզաբանել, թե ինչպես է նախագահի երիտասարդ աղջիկը դարձել տասնյակ միլիոն եվրո կապիտալ եւ 3 հազար աշխատակից ունեցող ընկերության փաստացի սեփականատերը։