«ԱՕԿՍ-ի շենքը» քանդո՞ւմ են

Your browser doesn’t support HTML5

Աբովյան 3/1 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության շենքը (ԱՕԿՍ-ի շենքը) ետնամասից քանդում են: Այստեղ շինարարություն է ընթանում։
Այսօր մի խումբ ակտիվիստներ գնացել էին Աբովյան փողոց՝ մանրամասներ իմանալու:

Ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց. - «Սա օրենքով պահպանվող հուշարձան է, վերջ, սրանով սահմանափակվում է: Դա ո'չ իմ, ո'չ ձեր, որեւէ մեկի ցանկությունը չի, ո'չ էլ կառուցողապատողի: Սա հուշարձան է, հուշարձանի հետ իրականացվող գործընթացները պահանջում են հատուկ վերաբերումնք: Պետք է լինի լիազոր մարմնի թույլտվություն, պետք է իրականացվեն խելամիտ եւ մշակված գործընթացներ՝ քարեր պահպանելու, պատշգամբ պահպանելու: Չեն իրականացվել. մենք, որպես հանրության ակտիվ մաս, հետաքրքրված ենք, որ քաղաքը չայլանդակվի եւ չավերվի, բայց տեղեկացված չենք»:

Ըստ Սարհատի՝ Մշակույթի նախարարությունում չի քննարկվել այդ ամենը՝ չկա ցուցանակ՝ ինչ է կառուցվում, ով է կառուցում, ինչ ժամանակահատված է նախատեսված:

«Շենքը միայն ճակատը չի, շենքը ունի իրա պատշգամբը, ինտերիերը, բակը: Շենքը հուշարձան է էդ ամեն ինչով», - հավելեց նա:

Քաղաքացիները ժամը 13.00-ին հավաքվել էին շենքի մոտ, այնուհետեւ լրագրողներին եւ ակտիվիստներին շենք հրավիրեցին՝ բոլորին ընդհանուր պարզաբանում ներկայացնելու նապատակով:

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը մեզ ներկայացրեց ընդամենը այն նախագիծը, որի համաձայն իրականանում են շինարարական աշխատանքները, որից հետո լրագրողների ու ակտիվիստների այն հարցին, թե արդյոք սա շենքի քանդում է, թե հուշարձանի տեղափոխություն, Այվազյանը համառորեն պատասխանում էր, թե հերթով ամեն ինչ կբացատրի, սակայն խոսում էր միայն Լալայանց փողոցին առնչվող նախագծի մասին՝ այդպիսով խուսափելով բոլորին հուզող գլխավոր հարցի պատասխանից:

Սա քանդո՞ւմ է, թե՞ տեղափուխություն՝ եւս մեկ անգամ հարցրեցին ակտիվիստները.

«Սա ապամոնտաժում է, որպեսզի վերականգնվի», - պատասխանեց Այվազյանը:

Կարո Այվազյանն անընդհատ նշում էր, որ տեղի է ունենում հուշարձանի փոփոխություն:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունից Գրիգոր Ղազարյանը նշեց. - «Մեզ շատ կցկտուր կերպով ներկայացրեցին մի քանի կետեր՝ ուղղակի հատակագիծը, որը հստակ չէ, թե ինչ հիմքի վրա է իրականացվել: Այն բոլոր մարմինները, ովքեր մասնակցել են այդ քննարկումներին՝ արդյո՞ք դա կարելի է համարել հանրային լսումներ: Որովհետեւ մի քանի խնդիրներ ենք դիտարկում՝ Լալայանց փողոցի ուղղության փոփոխություն, հուշարձան շենքի ամբողջականության խաթարում, որ ընդհանրապես անթույլատրելի է»:

Այնուհետեւ ակտիվիստները ուղեւորվեցին նաեւ Մշակույթի նախարարություն՝ պահանջելու նախագծի իրացման հստակ ձեւակերպում: Սակայն մշակույթի նախարարը տեղում չէր, իսկ փոխնարարը պահանջեց գրավոր ներկայացնել բոլոր բողոքները:

«Շարունակվելու են այս բողոքի ակցիաները», - հավաստեց Գրիգորը, - «մինչեւ սպառիչ պատասխան չտան, թե ինչ հիմքի վրա է իրականացվել մինչեւ այժմ շենքի հետնամասի քանդումը, պահանջելու են նաեւ վերականգնում»:

Your browser doesn’t support HTML5

"Սա ապամոնտաժում է, որպեսզի վերականգնվի". Կարո Այվազյան