Էմմա Նիքոլսոն. «Ընտրությունը հայ ժողովրդինն է»

Bարոնուհի Էմմա Նիքոլսոնը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին:

Երեկ երեկոյան Երեւան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 4-ին հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Եվրախորհրդարանի պատգամավոր (Մեծ Բրիտանիա), բարոնուհի Էմմա Նիքոլսոնը մայիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Երեuանում քաղաքական ուժերի ղեկավարներն իր հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարցերին:

Հարցին, թե ինչպես է գնահատում նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպերի ազդեցությունն ընտրության արդյունքների վրա, Նիքոլսոնն ասաց. - «Չեմ կարող մեկնաբանել, քանի որ ինքս տեղյակ չեմ»:

«Ես հուսով եմ, որ կիրակի առավոտյան մենք հնարավորինս քաջատեղյակ կլինենք», - ասաց բարոնուհին եւ ավելացրեց. - «Մենք այստեղ չենք որեւէ կերպ ընտրությանը միջամտելու համար: Ընտրությունը հայ ժողովրդինն է»:

500 դիտորդներից բաղկացած պատվիրակության ղեկավարը գնահատեց նաեւ ընտրություններին տեղական մեծաթիվ դիտորդների մասնակցության հանգամանքը: Մայիսի 6-ի խոհրդարանի ընտրություններին հետեւելու են 54 տեղական հասարակական կազմակերպություններ, տեղական դիտորդների թիվն անցնում է 31 000-ը:

Բարոնուհին հույս հայտնեց, որ դիտորդներ կլինեն հանրապետության ամբողջ տարածքում. - «Շատ մեծ է դիտորդների թիվն (այս ընտրությունների ժամանակ) ի տարբերություն այն ընտրությունների, որոնք ես դիտարկել եմ»:

ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության նախնական զեկույցը, ըստ Էմմա Նիքոլսոնի, կհրապարակվի մայիսի 7-ին. - «Հուսով ենք, որ մեր զեկույցն օգտակար կլինի Հայաստանի քաղաքացիների համար եւ կնպաստի Հայաստանում ժողովրդավարական գործընթացի հաստատմանը»: