Ապրիլի 28-ի մամուլ

«Երկիր»-ը գրում է. - «Մովսես-Այգեպար գյուղերի միջանկյալ ճանապարհին ադրբեջանցիների կողմից երեք ժամկետային զինծառայողների սպանության լուրը պայթյուն առաջացրեց յուրաքանչյուրի սրտում: Դարձյա՞լ, հարցնում էինք ինքներս մեզ ու անզորությունից կրճտացնելով ատամները ադեկվատ պատասխան ակնկալում: Բանն այն է, որ դեպքը պատահել է ոչ թե դիրքերում, այլ երկու գյուղերն իրար կապող ճանապարհին: Այսինքն` նույն հաջողությամբ ադրբեջանցիների զոհը կարող էին լինել երեխաներ, կանայք, սովորական գյուղացիներ... Սակայն ի՞նչ տարբերություն, կորցրել ենք զինվորներ, եւ որ ամենասոսկալին է, ոչ թե դիրքերում` մարտի ժամանակ, այլ համարյա գյուղում: Այգեպարցիներն ու մովսեսցիները շարունակում են ապրել ու պաշտպանել սահմանը: Այն սահմանը, որից այս կողմ երկիրն այլասերվածության, խորը դեգրադացիայի հասցրած քաղաքական բարձրաստիճան այրերը ակնկալում են մովսեսցիների ու այգեպարցիների քվեն` լավ հասկանալով, որ երկիրը երկիր է դառնում հենց սահմանամերձ գյուղացու, արարող քաղաքացու, տառապող մտավորականի շնորհիվ»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ: «Կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն միասնական շտաբի շրջանակներում փորձելու են վերահսկել ընտրությունները: Կարծում եք այդ շտաբն արդյունավետ կաշխատի՞, կկարողանա կանխել ընտրակեղծիքները եւ ինչպե՞ս եք գնահատում այդ շտաբի աշխատանքն ու գոյությունը», - հարցնում է թերթը: «Դրա գոյությունն ինքնին արժեքավոր է այն առումով, որ այսօր գաղափարական տարբեր ուժեր կարողացել են իրենց մեջ ուժ գտնել մեկ կոնկրետ հարցի շուրջ համագործակցելու: Ես կարծում եմ, որ բոլոր ուժերը պետք է այս գաղափարի շուրջ համախմբվեին: Ցավում եմ, որ կան քաղաքական ուժեր, որ փոքր եւ ինտրիգային խաղեր են փորձում տալ այս դաշտում: Շտաբն արդյունք, կարծում եմ, արդեն իսկ տվել է, թեկուզ այն համախմբման տեսակետից, որ հասարակությունը, քաղաքացիները փորձում են իրենք ներգրավվել այս կարեւոր գաղափարի իրականացման շուրջ: Մյուս կողմից արդեն նախապատրաստվել է Սահմանադրական դատարան դիմելու փաստաթուղթ: Ընտրական օրենսդրության այնպիսի կարեւոր հարց, ինչպիսին ստորագրված ընտրացուցակների հրապարակումն է, այս հարցը սահմանադրական կարգով վիճարկելու ուղղությամբ եւ կարծում եմ, սա նույնպես մասնակիորեն այդ շտաբի աշխատանքի արդյունքն է», - պատասխանում է Մինասյանը:

«Ժամանակ»-ը, անդրադառնալով ՍԴ ներկայացվելիք հայցին, գրում է. - «Խնդիրն այն է, թե ինչ են անելու այս կուսակցությունները, եթե ՍԴ-ն մերժի նրանց: Ի դեպ, հիշեցնենք, որ սա այն Սահմանադրական դատարանն է, որը հավանության է արժանացրել եւ սահմանադրական է ճանաչել ՀՀ-ում կեղծված բոլոր ընտրությունները՝ 1995 թվականից մինչեւ 2008 թվական: Սա այն դատարանն է, որն, ըստ էության, չի կասեցրել ՀՀ-ում հակասահմանադրական որեւէ գործողություն, մեծ ու փոքր որեւէ երեւույթ, որ թույլ են տվել իշխանությունները: Եվ այսօր դիմել այդ Սահմանադրական դատարան, նշանակում է պարզապես պարապ ժամանակ անցկացնել` չիմանալով, թե էլ ինչ պետք է անել ՀՀԿ-ին վերարտադրվելու հարցում խոչընդոտելու համար: Այն, որ ՀՀԿ-ն ընտրացուցակային աճպարարությամբ, հավելագրումներով եւ կեղծիքներով իր համար ապահովելու է մի քանի 100 հազար, ըստ էության, չեղած ձայն, երեւի թե պարզ է նույնիսկ մանուկներին: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ միասնական շտաբը ընտրել է այդ ամենի դեմ պայքարի երեւի թե ամենամանկամիտ տարբերակը` դիմելով մի Սահմանադրական դատարան, որը իր ստեղծման իսկ օրից եղել է, կա ու թերեւս կլինի գործադիր իշխանության կցորդը»:

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է. - «Թեեւ ընտրապայքարն արդեն մտել է վճռորոշ փուլ, սակայն սոցիալական բնույթի խոստումներից զատ հայրենի քաղաքական ուժերը գրեթե ոչինչ չեն ասել ընտրողներին երկրի զարգացման քաղաքական, տնտեսական ու մշակութային ուղենիշերի շուրջ իրենց պատկերացումների մասին։ Հիմնական հարցերը մի կողմ դնելու եւ գերազանցապես սոցիալական խոստումներ տալու այս միահամուռ շքերթից տպավորություն է ստեղծվում, թե մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունենալիք քվեարկությանը մասնակցելու են միայն սոցիալապես անապահով խավերը, հիմնականում «բոմժերը», ուստի պայքարը ընթանում է միայն ու միայն նրանց ձայների համար։ Սա վկայում է, որ կամ մեր հասարակությունը վերջին տարիներին իսկապես չափից ավելի է աղքատացել, կամ մտավոր-գաղափարական առումով աղքատացել են հենց իրենք՝ քաղաքական ուժերը։ Խորքային քննությունը ցույց է տալիս, որ թերեւս գործ ունենք այս ամենի համադրության ու միաձուլման փաստի հետ, այն է՝ աղքատացել են երկուսն էլ՝ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը, ուստի ներկա ընտրապայքարում ամեն ինչ «պտտվում» է սոցիալական վճարի, թոշակի, ինչպես նաեւ զանազան բարիքների «արտահերթ» տրամադրման զանազան տեխնոլոգիաների շուրջ՝ մուրաբայից մինչեւ «կանխիկ»։

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 28-ի մամուլ