Ամերիկահայերը բողոքի ակցիաներով կդիմավորեն Ալիեւին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սեպտեմբեր, 2010թ.

Ամերիկայի ադրբեջանական միությունը դատապարտել է նախագահ Իլհամ Ալիեւի այցի օրերին բողոքի միջոցառումներ կազմակերպելու մասին ամերիկահայերի կոչերը։

Ալիեւի մայիսին մեկնելու է Նյու Յորք։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այցը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի մեկամսյա նախագահության մեկնարկի հետ։

Ամերիկայի ադրբեջանական միությունը, մասնավորապես, քննադատել է California Courier պարբերականում ապրիլի 25-ին Հարութ Սասունյանի հրապարակած հոդվածը, որի վերնագիրն է «Հայերը Նյու Յորքում հատուկ ողջույն են պատրաստում Ալիեւի համար»։

Սասունյանը ամերիկահայերին կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել Նյու Յորքում։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ալիեւի այցի օրերին բողոքի միջոցառումներ կազմակերպելու` ամերիկահայերի մտադրությունը։

«Անշուշտ, ամերիկահայ գաղութը միշտ պատրաստ է «դիմավորելու» պարոն Ալիեւին եւ արծարծելու Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների հարցը։ Այս իր այցելությունն էլ առիթ է, որ մենք խոսենք մեդիայի հետ, մեր քաղաքական ղեկավարների հետ», - նշեց Չուլջյանը։

«Ի վերջո, Ամերիկայի կառավարությունը եւ Կոնգրեսը պետք է հստակ ազդանշան տան Ադրբեջանին այն մասին, որ այդ սպառնալիքների կեցվածքը, հարձակողական կեցվածքը Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ պարզապես անընդունելի է», - ընդգծեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։