Ինքնաբացարկների ժամկետը լրացավ

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորության 41 մանդատների համար մայիսի 6-ին կպայքարեն 139 թեկնածուներ:

Այս տվյալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ ժամանակացույցով, հիշեցենք, բացարկ հայտնելու ժամկետը լրացավ ապրիլի 26-ին, ժամը 18:00-ին:

ԿԸՀ տվյալներով, մեծամասնական ընտրակարգով մեկ թեկնածուով ընտրություն է նախատեսված 2 ընտրատարածքում: Թիվ 28 ընտրատարածքում միակ թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, թիվ 35 ընտրատարածքում` ԱԺ փոխնախագահ, նույն կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, մեկ թեկնածուի առաջադրման դեպքում տվյալ ընտրատարածքում ընտրությունը չի կայանում: Նշված երկու ընտրատարածքներում առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն ավելի ուշ բացարկ էր հայտնել թիվ 28 ընտրատարածքում գրանցված Արմեն Ավդալյանը եւ թիվ 35 ընտրատարածքում գրանցված Հայկ Սուլթանյանը:

Այսօրվա արտահերթ նիստում ԿԸՀ-ն հաստատեց քվեաթերթիկի սահմանված նմուշը: