Նախագահը անդրադարձավ արտաքին քաղաքականությանը եւ Ղարաբաղի խնդրին

Նախագահ Սերժ Սարգսյանը Շենգավիթում ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարոզարշավը Երեւանի Շենգավիթ համայնքում մեկնարկեց անձրեւի տակ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց շենգավիթցիներին անբարենպաստ եղանակին հավաքի գալու եւ իրենց սատարելու համար:

Նախագահը Շենգավիթում իր նախընտրական ելույթը սկսեց արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալով: Նա նշեց, որ նախորդ տարիներին որոշակի արդյունքների են հասել Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում:

«Մեզ դիտում են որպես հուսալի գործընկեր թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում, եւ թե Արեւելքում: Եվ դա փաստ է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ուժեղացրել ենք արտաքին ագրեսիային հակազդելու համակարգը: Ավելի պարզ ասեմ` հնարավոր պատերազմը կանխելու հարցում գործուն միջոցներ ենք ձեռք առել, դրան զուգահեռ ապահովել ենք ուժերի հավասարակշռությունը: Մենք պաշտպանել ենք խաղաղությունը, որի գինը, սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, լավ գիտեք: Բայց միայն խաղաղություն պաշտպանելը քիչ է: Մենք Արցախին ցուցաբերում ենք համակողմանի աջակցություն եւ համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է դառնա ընթացող բանակցությունների լիիրավ անդամ: Մենք պայքարում ենք նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար», - հայտարարեց նախագահը:

Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ նաեւ ցեղասպանության խնդրին` ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 10-ամյակի նախաշեմին բազմապատկելու են ջանքերը ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ:

«Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ոգեւորեց մեզանից շատերին, իսկ Ֆրանսիայի սահմանադրական դատարանի վճիռը ոմանց հիասթափեցրեց: Ես բոլորիդ կոչ եմ անում սառնասրտության եւ համբերատարության: Մենք այս հարցում մեծ ու տեւական ճանապարհ ունենք անցնելու: Համոզված եմ, որ այս հրապարակում չկա մեկը, որ չհավատ դրա վերջնական հաղթանակին», - ասաց Սարգսյանը:

ՀՀԿ-ի ղեկավարն իր նախընտրական ելույթում նաեւ անդրադարձավ առաջիկա ընտրություններին` նշելով, որ ընտրությունները ներքին ոլորտի հարց չեն, մարդու ազատությունների ոտնահարում` լինեն տնտեսական կամ քաղաքական, իրավական պաշտպանված չլինելը միայն ներքին հարց չէ: Նման երկիրը չի կարող միջազգային հեղինակություն ունենալ, ասաց նա:

«Սիրելի շենգավիթցիներ, ինչպես նշեցի, մայիսի 6-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք քաղաքական ուժ, որը պետք է կառավարի մեր երկիրը:

Ձեզնից է կախված, թե որ քաղաքական ուժը պետք է լինի մեր երկրի ղեկին: Չափազանց կարեւոր է, իհարկե, այս հարցը, բայց ամենից կարեւոր այն է, որ մենք կարողանանք անցկացնել լավ ընտրություններ, որպեսզի այս ընտրությունները վայելեն մեր ժողովրդի եւ, իհարկե, նաեւ մեր գործընկերների վստահությունը: Այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունը կարող է շատ ավելի գործ կատարել», - ասաց նա:

Ելույթի վերջում Սերժ Սարգսյանը շենգավիթցիներին խնդրեց մայիսի 6-ին սատարել ՀՀԿ-ին: Նա նաեւ կոչ արեց քվեարկել ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Կորյուն Նահապետյանի օգտին:

Ուշագրավ է, որ նրանից բացի, Սերժ Սարգսյանը կոչ արեց նաեւ քվեարկել թիվ 11-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավոր Գրիգոր Մարգարյանին օգտին:

«Թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, սատարում է իր կոալիցիոն գործընկերոջ կողմից առաջադրված թեկնածուին` պարոն Գրիգոր Մարգարյանին», - ասաց նա:

Անցյալ շաբաթ էլ Սերժ Սարգսյանը Արարարտի մարզի Ավշար գյուղում կոչ էր արել ընտրել Դաշնակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ավշար» գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանին: Այս ընտրատարածքում եւս (թիվ 18) ՀՀԿ-մ մեծամասնական ընտրակարգով թեկնածու չի առաջադրել:

Your browser doesn’t support HTML5

Նախագահը անդրադարձավ արտաքին քաղաքականությանը եւ Ղարաբաղի խնդրին