Նշվում է Չարենցի ծննդյան 115-ամյակը

Այս տարի լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 115 եւ գրական գործունեության 100-ամյակը: Այս առիթով Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համատեղ մշակել է միջոցառումների մեծ ցանկ, որոնց մեկնարկը տրվել է հենց Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին` 115 գանգրահեր տղաների քայլերթով դեպի Չարենցի հուշահամալիր:
Հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի խոսքով` այս տարին չարենցյան է հռչակված նաեւ հանրակրթական դպրոցների համար: Մոտ 30 դպրոցներում անցկացվում են չարենցյան դասեր, պոեզիայի ժամեր, շարադրությունների մրցույթներ, դասախոսություններ:

«Մեր նպատակը ոչ թե ի ցույց դնելն է, որ մենք էսպիսի բան ենք անում, ոչ, նա պետք է իր հետքը թողնի: Էն երակը, որ բերում են մեր մեծերը, անցնի երեխաների միջով: Պիտի անպայման հիմքը դառնա նրա հետագա մտածելակերպի, նաեւ պետական մտածողության, նաեւ երկրի քաղաքացի լինելու համար», - նշում է Աչոյանը:

Մայիսի 8-ին հոբելյանական ծրագրի շրջանակներում Չարենցի տուն-թանգարանում կբացվի Չարենցի լավ ընկեր ու բարեկամ, թատերական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով` այդ օրը ցուցադրվելու են Չարենցի անձնական արխիվից եւ Արուտչյանի ժառանգների տրամադրած այնպիսի գործեր, որոնք երբեւէ չեն ցուցադրվել:

Այս տարի թանգարանի տնօրինությունը նաեւ որոշել է մայիսին` թանգարանային գիշերվա շրջանակներում վերականգնել ու այցելուներին ներկայացնել չարենցյան հայտնի սովորույթներից մեկը` դաստախունը, որը Չարենցը շատ սիրել ու կազմակերպել է իր մտերիմների համար:

«Սա արեւելյան սովորույթ է, երբ չոր մրգերով են հյուրասիրում հյուրերին` դրված փոքրիկ կապոցների մեջ կամ սփրոցի վրա: 30-ական թվականներին եղել են «տորգսին» կոչվող խանութներ, որտեղ տալիս էին թանկարժեք մետաղներ, իրեր, քարեր եւ դրա փոխարեն նպար էին վերցնում: Չարենցը չոր մրգերը գնում էր այդ խանութներից: Ուզում ենք այս տարվանից այս գեղեցիկ ավանդույթը վերականգնել», - ասում է Լիլիթ Հակոբյանը:

Տարվա ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ նաեւ բացօթյա ցուցահանդեսներ: Սիլվա Աչոյանը նշում է, որ նախագծում է նաեւ միջպետական կամուրջ ստեղծելու ծրագիրը` Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Սփյուռքի միջեւ. - «Մի օր` նույն ժամին, Չարենցի անունը կրող դպրոցները կներկայացնեն իրենց գործունեությունը եւ ավարտին համատեղ կհնչեցնենք «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Կարծում եմ, դա համախմբող մի ուժ է: Սա պետք է լինի միջպետական կամուրջ»:

Աչոյանի խոսքով, հոկտեմբերին նախատեսվող միջոցառման անմիջական իրականացնողները կլինեն դպրոցականները. - «Կլինեն մեքենաներով գրադարաններ, իսկ դպրոցականները կլինեն գրադարավարները: Երեխաները մտնելու են այգիներ, մի քիչ աշակերտական խումբ հիշեցնող, մոտենալու են նստած մարդկանց եւ կարդալու են Չարենց»:

Լիլիթ Հակոբյանի խոսքով, բացի վերոնշյալ միջոցառումներից, իրենք նաեւ մշակել են հրատարակչական աշխատանքների բավականին մեծ ծրագիր. - «Մենք հրատարակել ենք «Չարենց 115» գիրքը, որը հետաքրքիր գիրք է` կենսագրական, չբացահայտված նոր փաստերով: Նաեւ առաջին անգամ հրատարակելու ենք անգլերեն լեզվով Չարենց: Արդեն թարգմանված 5 գործ ունենք»:

Լիլիթ Հակոբյանը հավելեց, որ արդեն ընթանցքի մեջ են նաեւ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության` աշխարհի տարբեր լեզուներով առանձին գրքի հրատարակչական աշխատանքները:

Չարենցին նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի վերջին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգային մեծ ծրագրով, որտեղ կհնչեն ոչ միայն Չարենցի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր, այլեւ Չարենցի սիրելի ստեղծագործությունները` Կոմիտաս, Շոպեն: Միջոցառման ընթացքում կպարգեւատրվեն դպրոցական միջոցառումներին մասնակցած ու հաղթող ճանաչված աշակերտները:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը նշում է Չարենցի ծննդյան 115 ամյակը