Սկսվել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման գործընթացը

Հայաստանի կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության թիվ երկու էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու մասին որոշման նախագիծը:

Ըստ շահագործման լիցենզիայի պայմանների` ԱԷԿ-ի թիվ երկու էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին: Շահագործման նախագծային ժամկետը եղել է 30 տարի:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պարզաբանմամբ` ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելիս հաշվի են առել «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները եւ այդ ժամանակաընթացքում երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության պահպանության անհրաժեշտությունը»:

Կառավարության որոշման համաձայն` ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները պետք է կազմակերպվեն մինչեւ 2013 թվականի մայիսի 5-ը: Այն կառավարության հաստատմանը պետք է ներկայացվի մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց` թեմայի շուրջ մամուլում շահարկումները շատ են:

«Մեր գործառույթներն այս բնագավառում խիստ թափանցիկ են։ Մենք հրապարակային դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին` խնդրանքով, որ մեզ ցուցաբերեն օժանդակություն, որպեսզի գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգենք, ինչպես նաեւ նոր ատոմակայանի բլոկի կառուցման խնդրով», - ասաց վարչապետը` հավելելով, որ «մեկը մյուսին պետք չէ հակադրել»:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ չորեքշաբթի օրը հանդիպել է այս օրերին Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ:

«Երեկ մեր հանդիպման ժամանակ էլ մենք այս խնդիրը շատ հստակ ձեւակերպել ենք, հայտնել մեր կառավարության պաշտոնական տեսակետը, եւ այն ամբողջությամբ ստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը։ Եվ իրար հակադրելը, ինչ-որ տարբեր, ոչ ստույգ տեղեկություն տրամադրելը, կարծում ենք, տեղին չէ։ Այս որոշումն հենց այս տրամաբանության ներքո է, այստեղ ոչ մի նորամուծություն, ոչ մի գաղտնիք չկա, շատ հրապարակային գործառույթ է», - ասաց վարչապետը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, եւ երկիրը մեծապես կարեւորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւոր բաղկացուցիչ:

Յուկիյա Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ն եւ Հայաստանը ունեն միասնական նպատակ՝ դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է եւ նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:

Գործադիրի այսօրվա մեկ այլ որոշմամբ սոցիալական փաթեթ է հատկացվելու ՀԱԷԿ-ի առանձնապես վնասակար պայմաններում աշխատողներին:

«Առավել ծանր պայմաններում ընդգրկված աշխատակիցները սահմանված են կառավարության որոշմամբ, նրանք ատոմակայանի աշխատակիցների շուրջ կեսն են», - տեղեկացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախարարի խոսքով` սոցիալական փաթեթի ծառայություններից հնարավորություն կունենա օգտվել ԱԷԿ-ի 879 աշխատակից: Ատոմակայանի աշխատակիցների թիվը շուրջ 1700 է: Սոցիալական փաթեթով նախատեսվում է յուրաքանչյուր աշխատակցի համար 132 հազար դրամ: Կառավարության որոշումը չի տարածվում ատոմակայանում վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա:

Սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարը անկանխիկ գումար է, որը փոխանցվում է հատուկ այն նպատակով բացված աշխատողի բանկային հաշվին: Այս հաշվի դրական միջոցները կանխիկացման ենթակ չեն, սակայն թույլատրվում է կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ:

Your browser doesn’t support HTML5

Սկսվել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման գործընթացը