Սոնա Շահգելդյանը մրցանակը ակնկալում էր դեռ 2010-ին

Սոնա Շահգելդյանը Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, 15 ապրիլ, 2012

Սոնա Շահգելդյանը եւ Էրիկն արժանացան տարվա լավագույնների կոչմանը Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:
Սոնան նշեց, որ մրցանակին սպասում էր դեռեւս 2010 եւ 2011 թվականներին` այդ տարիներին իր կատարած աշխատանքի եւ միջազգային մրցույթներում, մասնավորապես, Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երգի մրցույթում իր տարած հաղթանակի համար, սակայն չի արժանացել:

Հարցին, թե արդյո՞ք չի կարծում, որ այս տարի նրան շնորհեցին լավագույն երգչուհու կոչումը իր նեղսրտածությունը մեղմելու համար, երգչուհին պատասխանեց. - «Այո, համաձայն եմ, միշտ մրցանակն են տալիս ուշացմամբ: 2010-ին եւ 2011-ին կարծում էի, որ արժանի եմ, բայց չեմ պայքարել, որ ստանամ: Մարդիկ կան, որ իրենց պատեպատ են տալիս այդ մրցանակների համար, բայց ինձ համար այս մրցանակը ոչ առաջինն է, ոչ վերջինը, պարզապես շատ ուրախ եմ այն ստանալու համար»:

Էրիկը 2011 թվականին «Նոր ալիք» երգի մրցույթում արժանացել էր «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Նա նշեց, որ ազգային մրցանակաբաշխությունում լավագույն երգիչ անվանակարգում հաղթելն իր համար ե'ւ անսպասելի էր, ե'ւ սպասված:

Թե՛ Սոնան, թե՛ Էրիկը Հայաստանում լավագույնի կոչմանն արժանացան միայն արտասահմանյան մրցույթներում մրցանակներ շահելուց հետո: Ըստ երգիչների, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ «դրսում հայ երգիչ-երգչուհիներն ավելի շատ են գնահատվում, քան Հայաստանում: Իսկ մեզ մոտ ավելի շատ գնահատում են դրսից եկածներին, նրանց ավելի շատ մրցանակներ են տալիս, քան մեր կատարողներին»:

Սոնա Շահգելդյանը նշեց, որ համաձայն չէ այս տարվա Ազգային մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրված բոլոր մրցանակակիրների հետ, սակայն անուններ չնշեց:

«Մարդիկ կային , որ գիտեին, որ մրցանակ էին ստանալու, դա անակնկալ չէր իրենց համար, բայց բարձրանում էին բեմ եւ ասում էին, որ չէին սպասում, հուզված են», - նշեց Սոնան:

Փոխարենը երգչուհին բարձրաձայնեց այն երգիչ-երգչուհիների անունները, ովքեր իր կարծիքով արժանի են մրցանակների:

«Մհերը, որովհետեւ ինքը միշտ շատ լավ է աշխատում եւ հրաշալի վոկալ ունի: Ինձ համար լավ երգչուհի է Լիանան, Էմմին, Աննա Խաչատրյանը, իրենք շատ լավ ձայն ունեն: Իմ մեջ նախանձ չկա, որ ես չթվարկեմ իրենց անունները: Տեսնենք, գուցե մյուս տարի», - ասաց Սոնա Շահգելդյանը:

Հավելեքն, որ լավագույն տեսահոլովակ ճանաչվեց Սիրուշոյի I like it-ը, լավագույն ռոք խումբը The Beautified Project-ն էր, լավագույն ջազ նախագիծ` «Կատուներ» խումբը, լավագույն ալբոմը՝ Dorians խմբի FLY ալբոմը, լավագույն դասական ալբոմ՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», իսկ տարվա հիթն էր «Գոհար» նախագծի «Պապենական Կիլիկիա» կատարումը:

Your browser doesn’t support HTML5

«Մարդիկ կան, որ իրենց պատեպատ են տալիս այդ մրցանակների համար». Սոնա Շահգելդյան