Ապրիլի 11-ի մամուլ

«Ժամանակ»-ը գրում է. - «2008 թվականի նախագահի ընտրությունից անցել է չորս տարի, այդ ընթացքում էապես փոխվել են ոչ միայն հայաստանյան իրողությունները, այլ նաեւ համաշխարհային իրավիճակը, բայց այդ ամենը որեւէ բովանդակային եւ հստակ արտացոլում չի գտել հանրությանն ուղղված տեքստերում, որ մատուցում են քաղաքական ուժերը։ Հրապարակվում են ծրագրային հիմնադրույթներն ու գաղափարական մոտեցումները, ու դեժավյուի զգացում է` որ այդ ամենը մենք մի անգամ էլ լսել ու տեսել ենք, ու մեր կյանքը այդ ամենից ոչնչով չի փոխվել, ոչնչով չի փոխել իշխանությունը, իշխանությանը չի փոխել ընդդիմությունը։ Եվ մեղմ ասած` մեծ են կասկածները, որ այս անգամ էլ կլինի նույնը, եթե ինչպես քաղաքական ուժերը, հասարակությունն էլ ներկայիս ընտրական գործընթացին մոտենա սովորականի պես»։

«Հայոց աշխարհ» թերթի գնահատմամբ` Հայաստանում ներկայումս խոսքի ազատության հետ կապված խնդիր չկա. - «Մեկնարկած քարոզարշավի ընթացքը եւս մեկ անգամ համոզիչ կերպով ապացուցում է, որ խոսքի ազատությունը մեզանում գործնականում ոչ մի բանով սահմանափակված չէ։ Ընտրությունների բոլոր մասնակիցները հանգիստ կազմակերպում են իրենց միջոցառումներն ու խոսում՝ ինչ մտքներով անցնի»։ «Իսկ ամենահետաքրքիրը խոսքի ազատության տեսանկյունից կսկսվի նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ, քանզի այնտեղ, ինչպես բազարային լեզվակռվում, հաղթում է ոչ թե ամենաուժեղն ու խելացին, այլ ամենալաչառը, ամենաանխիղճը», - մասնավորեցնում է թերթը:

«Երկիր»-ը գրում է. - «Ի վերջո, ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանում թղթի վրա գործող կոալիցիան: Եթե այն համատեղ պատասխանատվություն ստանձնելու նպատակ էր հետապնդում, ապա անհասկանալի է` ինչո՞ւ են հիմա իշխանական կոալիցիայի անխտիր բոլոր անդամ-կուսակցությունները փորձում իրենցից վանել այդ պատասխանատվությունը: Երբ անհրաժեշտ է պաշտպանվել, կոալիցիոն ուժերն իրենց համար ստեղծում են վիրտուալ, եթերային ինչ-որ չար վհուկ ու փորձում համոզել, թե այդ անտեսանելի վհուկն է բոլոր խնդիրների ու ախտերի մեղավորը: Իսկ երբ հարձակվելու անհրաժեշտություն է լինում, անմիջապես հագնում են վարդագույն ակնոցներ: Կոալիցիան վերածվել է աննպատակ ինչ-որ գոյացության, որտեղ «պատասխանատվություն» կատեգորիան ընդամենը վերածվել է պինգ-պոնգի գնդակի»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Եթե կարճ ձեւակերպենք ընտրությունների բնույթը, ապա կարելի է նաեւ այսպես բնորոշել. հինգ տարի քաղաքական ուժն ու քաղաքական գործիչը կապիտալ են կուտակում (քաղաքական կապիտալի մասին է խոսքը), որն ընտրությունների ժամանակ դնում են վաճառքի։ Ով, ինչքան կվճարի այդ կապիտալին` բազմահազար քվենե՞ր, թե՞ երեք մատի կոմբինացիա։ Նրանք, ովքեր լավ են աշխատել «ամռանը», ձմռանը ձեռնունայն չեն մնա` նրանց աշխատանքը կվարձատրվի ժողովրդի սիրո, իմա` քվեի տեսքով։ Բայց երբ հետեւում ես քաղաքական ուժերի քարոզարշավին, հասկանում ես, որ քվե ստանալու հույս ունեն միայն կուսակցությունների առաջնորդները, որոնք իրենց հեղինակությունը, իրենց անձնական քաղաքական կապիտալն են այժմ հանել վաճառքի»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Սովորաբար յուրաքանչյուր համապետական ընտրություն իր մեջ լուրջ բացահայտումներ անելու խորհուրդ ունի: Եթե նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտվեցին մի քանի քաղաքական միավորներ, որոնք ընդդիմադիրի դիմակով սպասարկում էին իշխանության շահերը` խաբելով ժողովրդին, ապա այս ընտրություններից առաջ օրըստօրե պարզվում է, որ երկրում ընդհանրապես չկա այնպիսի կուսակցություն, որին անվերապահ վստահեն: Հասարակությունը հավասարապես հիասթափված է ե’ւ ընդդիմադիր, ե’ւ իշխանական կուսակցություններից: Վստահության պակասն այն աստիճան է զգացվում, որ երբ լսում են, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված որեւէ թեկնածու ներկայացնում է կոնկրետ կուսակցություն, մարդիկ անմիջապես փակում են դռները նրանց դեմ: Իսկ ի՞նչ պետք է անել: Դժվար թե հավատի, վստահության, արդարության եւ այլ գեղեցիկ կարգախոսներով հնարավոր լինի երկրում իրավիճակ փոխել: Մարդիկ հոգնել են դատարկ խոսքերից, ռեալ քայլեր ուզում տեսնել: Իսկ դրանք տարիներ շարունակ չեն արվել: Արդյունքում վստահության դեֆիցիտն այսօր այնքան է բարձրացել մեր երկրում, որ դժվար է ասել, թե մարդիկ ինչպես կարձագանքեն իշխանության ղեկին մոտ կանգնածների կողմից արված անգամ ամենադրական քայլին»:

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 11-ի մամուլ