Սարդարապատ գյուղի ծեծկռտուքը կապվում է ընտրությունների հետ

Մերուժան Մխոյանի տան մոտ

Ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ ուրբաթ օրը՝ վաղ առավոտյան ժամը 7-ի շրջակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք եւ վիճաբանություն, ինչի հետեւանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Ձերբակալվածներ դեռեւս չկան: Ոստիկանությունն ու դատախազությունը կատարվածի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չեն հրապարակում` վկայակոչելով կատարվող նախաքննությունը: Սակայն Արմավիրում կատարվածը կապում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են երեք թեկնածուներ` ինքնաառաջադրված, անկուսակցական Մերուժան Մխոյանը, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, գործող պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին Արմավիր քաղաքում մթնոլորտը խիստ լարված էր. մարդիկ պատմում էին, որ միջադեպը կապված է եղել ինքնաառաջադրված, անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանի հետ, ասում էին, որ ինչ-որ անձինք վաղ առավոտյան թակել են նրա տան դուռը եւ բռնի ուժով՝ թեւերը ոլորելով, Մխոյանին տարել են դեպի Սարդարապատ գյուղի գերեզմանները: Թեկնածուի թիմակիցներից եւ ազգականներից մի քանիսը նրանց հետեւից գնացել են այդ ուղղությամբ, ինչին հաջորդել է վիճաբանությունն ու ծեծկռտուքը:

Մերուժան Մխոյանի զարմուհին, ով մեր այցելության ժամանակ կանգնած էր նրա տան մոտակայքում, հետեւյալը նկարագրեց. - «Հասցրել են Հոկտեմբեր գյուղ, գերեզմանների վրա պառկեցրել են ու ծեծի են ենթարկել: Առավոտ լուսադեմ հինգին պատուհանը ծեծել են, դուրս է եկել, որ տեսնի՝ ինչ է եղել, հետեւից գլխին հարվածել են, քցել են մեքենայի մեջ, 4-5 մեքենայով տարել են գյուղ: Մինչեւ նրա հորեղբոր տղաները հասել են այնտեղ, որ տեսնեն, թե ինչ է կատարվում, տեսել են գերեզմանոց է, գերեզմանոցի վրա Մերուժան Մխոյանին, որը Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է, չոքացրել են, երկաթներով, դուբինկեքով, զենքերով սպառնացել են, որ հետ վերցինի թեկնածությունը, որ անցնի Ալիկը (Ալեքսան Պետրոսյանը)»:

Մերուժան Մխոյանը ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին չպատասխանեց: Մեր այցելության պահին Մխոյանի տան մոտ կուտակված էին մի քանի տասնյակ տղամարդիկ, որոնք արգելեցին ներս մտնել: Նրանք հերքում էին վիճաբանության եւ ծեծկռտուքի մասին բոլոր լուրերը, ասում էին, որ իրենք ոչինչից տեղյակ չեն, եւ Մերուժան Մխոյանի հետ որեւէ միջադեպ չի եղել: Չնայած տան դարպասներից ներս կանգնած տարեց հուզված մի կին նրանց հորդորեց մեզ ներս թողնել, որպեսզի ինքն ամեն ինչ պատմի, բայց մենք տիկնոջ հետ զրուցելու հնարավորություն չունեցանք: Տղամարդիկ պահանջեցին հեռանալ:

Դատախազության պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացված են Արմավիր քաղաքի բնակիչներ Առնակ Կուրղինյանն ու Սամվել Պողոսյանը: 30-ամյա Կուրղինյանը ավելի շատ վնասվածքներ է ստացել եւ «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Արմավիր» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արմեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրա վիճակը գնահատեց միջին ծանրության՝ տեղեկացնելով, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել գանգոսկրի կոտրվածքով, նրա երկու մատները կտրված են եղել:

Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Լեւոն Խորոզյանը, ով չցանկացավ ձայնագրվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց իրենց շտաբի կամ թիմակիցների որեւէ առնչությունը այս միջդեպին: Հայտարարեց, որ իրենց թիմից ոչ ոք չի մասնակցել եւ կապ չունի դեպքի հետ, տեղյակ չեն դեպքից, ծանոթ են ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկությունների մակարդակով:

Լեւոն Խորոզյանը հաստատեց, որ ինքը թեկնածու Ալեքսան Պետրոսյանի ազգականն է եւ փոխանցեց, որ անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանի հետ որեւէ խնդիր իրենց թիմը չունի: Խորոզյանի խոսքով՝ Մխոյանի հետ լավ հարաբերությունների մեջ են, նրա առաջադրումը իրենց ոչ անհանգստացնում է, ոչ էլ կարող էր անհանգստացնել, որովհետեւ նրան «լուրջ հակառակորդ չեն էլ համարում»:

Your browser doesn’t support HTML5

Սարդարապատ գյուղի ծեծկռտուքը կապվում է ընտրությունների հետ