Մանուկյանին չի հաջողվում շտաբի համար տարածք վարձել

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան

Թիվ 4 ընտրատարածքում Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս պահին որեւէ ենթաշտաբ իր ընտրատարածքում չունի:

«Մեկ ամիս է փնտրում ենք տարածքներ: Բոլոր այն տարածքները, որոնք հայտարարված են՝ եւ գրված են, եւ ինտերնետում, որ վաճառվում են կամ վարձով են տրվում, դիմել ենք շուրջ երեսուն հայտարարության տերերի, մարդիկ սկզբից համաձայնվում են: Մեկ օր հետո երբ գնում ես, պայմանավորվում ես կամ ասում ես՝ ինչի համար է եւ ովքեր [են ուզում վարձակալել], սկսում են խեղճանալ, նվնվալ, ասել, որ խոչընդոտում են, որ իրենց թույլ չեն տալիս, որ իրենց հերը կանիծեն, եթե այդպես լինի, եւ արդյունքում չունենք ոչ մի տարածք», - ասաց Մանուկյանը:

Ըստ Արամ Մանուկյանի՝ տարածքների տերերը չեն թաքցնում տարածքները չտրամադրելու պատճառները:

«Եվ իրենք ասում են, թե ովքեր են այդ խոչընդոտողները՝ դա կարող է լինել հարկայինը, թաղապետարանը կամ ոստիկանությունը: Մարդիկ ուղղակի անկեղծորեն ասում են, թե ինչու չեն կարողանում տարածք տալ», - ասաց նա:

Այսպիսով, իշխանությունները փոխել են պայքարի մեթոդը, կարծում է Արամ Մանուկյանը:

«Բաց պայքարի մեթոդը իջեցրել են ընդհատակ, խուլ, փակ, գաղտնի մեթոդներով են պայքարում: Չգիտեմ ինչու վախեցած են, որ ես ընտրատեղամասեր, շտաբեր ունենամ, իրենց համար դժվար կլինի: Անկեղծ ասած՝ ճիշտ են անում, որ վախենում են, բայց որ այս աստիճանի, չէի պատկերացնում», - ասում է ընդդիմադիր թեկնածուն:

Այդուհանդերձ, Մանուկյանը վստահ է, որ դա չի ազդի իր քարոզարշավի ընթացքի վրա. - «Ժողովուրդը ինձ էլ գիտի, հանդիպման հնարավորություններն էլ ունեմ, տնետուն հանդիպելու եմ բոլորին, վրանում կանեմ, փողոցում կանեմ, դա խնդիր չէ»:

Արձագանքելով տարածքներ չտրամադրելու վերաբերյալ իշխանությունների հասցեին Մանուկյանի հնչեցրած մեղադրանքներին՝ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Միգուցե ինքը չի պատրաստվում այդ տարածքների համար վճարել տերերին, եւ նրանք հրաժարվում են տարածքները տրամադրել: Իշխանությունը որեւէ ձեւով, որեւէ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի ընդհանրապես չի խոչընդոտում եւ չի էլ խոչընդոտելու»:

Your browser doesn’t support HTML5

Մանուկյանը չի կարողանում շտաբի համար տարածք վարձել