Ֆյուլեն Բաքվում հայտարարել է, որ Մինսկի խմբում փոխատեղում չի ակնկալվում

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար դիվանագետ Շտեֆան Ֆյուլե, արխիվ

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար դիվանագետ Շտեֆան Ֆյուլեն Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հանդիպման մասին կարճ հաղորդագրություն է տեղադրված: Ըստ հաղորդագրության՝ կողմերը գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը հաջող զարգանում է: Մտքեր են փոխանակվել էներգետիկ ոլորտում, ինչպես նաեւ անվտանգության հարցերով համագործակցության շուրջ:

Շտեֆան Ֆյուլեի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներ, Սիրիայի, Իրանի իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, ինչպես նաեւ մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:

Նրանց հանդիպումից հետո մամուլի ասուլիս է անցկացվել: Turan գործակալության փոխանցմամբ, Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն ասել է, թե Եվրամիությունը պատրաստ է օժանդակելու փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Առանց մանրամասնելու` նա նշել է, որ Եվրամիության միջոցառումները նպատակ ունեն շփումներ հաստատել հասարակ մարդկանց միջեւ, առանց որի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ:

Ասուլիսում նրան հարց են տվել Եվրախորհրդարանի վերջերս արած առաջարկի մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Եվրամիությունը փոխարինի Ֆրանսիային: Շտեֆան Ֆյուլեն ասել է, որ Եվրամիության արտգործնախարարները իրենց հայտարարությամբ աջակցություն են հայտնել Մինսկի խմբին՝ հավելելով, որ նման փոխատեղում չի ակնկալվում:

Ինչ վերաբերում է Եվրամիություն - Ադրբեջան հարաբերություններին, նա մատնանշել է համագործակցության բարձր մակարդակը էներգետիկ ոլորտում ու հավելել, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ներուժ կա հարաբերությունները զարգացնելու համար:

«Մենք որոշել ենք օրակարգում ներառել նաեւ անվտանգության խնդիրները», - ասել է Ֆյուլեն՝ նշելով, որ դա արվել է հաշվի առնելով տարածաշրջանային սպառնալիքները, ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում, Շտեֆան Ֆյուլեն հիշեցրել է Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, եւ որ Եվրամիությունը իր հայտարարությամբ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ:

Նրա խոսքերով Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլի մրցույթը հնարավորություն է երկիրը ցույց տալ ոչ միայն մշակութային տեսանկյունից։

«Նաեւ պետք է բարելավել սեփականությանը առնչվող խնդիրների վրա աշխատանքը։ Այդ խնդիրների լուծումը պետք է լինի թափանցիկ», - Բաքվում ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան: