Ֆինլանդիայի արտգործնախարարը հորդորում է լուրջ վերաբերվել ԵԽ-ի զեկույցներին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիան այսօր Երեւանում հայտարարեց, որ Եվրախորհրդի զեկույցներին եւ գնահատականներին պետք է լուրջ վերաբերվեն բոլորը:

Սա Ֆինլանդիայի արտգործանախարարի արձագանքն էր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարքագիծը, ով նախօրեին Բաքվում կայացած Եվրանեսթի նիստին հղած իր ուղերձում հայերին անվանել է «ֆաշիստներ», եւ դա այն պարագայում, երբ Եվրախորհրդի Ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարի հանձնաժողովի զեկույցում Ադրբեջանը նշվում է իբրեւ երկիր, որտեղ խախտվում են փախստականների, օտարերկրացիների, կրոնական փոքրամասնությունների եւ հայերի իրավունքները:

Ֆինլանդիայի արտգործնախարարը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին, պատասխանելով վերոհիշյալ հարցին, նաեւ հավելեց. - «Ինչպես ներքին քաղաքականության մեջ, այնպես էլ միջազգային հարաբերություններում մենք բոլորս պետք է զգոն լինենք ընդդեմ վիրավորական հռտեորաբանության, անկախ հանգամանքից՝ որտեղից է այն ծագում»:

Էդվարդ Նալբանդյանն առավելապես կենտրոնացավ այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը, արտգործնախարարի բնութագրմամբ, որեւէ առիթ բաց չի թողնում Բաքու այցելած օտարերկրյա պատվիրակություններից շանտաժի ենթարկելու միջոցով Ղարաբաղի խնդրին վերաբերող միակողմանի հայտարարություններ եւ գնահատականներ կորզելու համար:

«Պարզ է, որ այդ մոտեցումը որեւէ ձեւով օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար, եւ ադրբեջանական այս փորձերին, ջրաղացին ջուր լցնելը որեւէ օգուտ չի տալիս գործընթացին», - ասաց Նալբանդյանը:

Անկախ այս ամենից, ըստ Նալբանդյանի, ակնհայտ է մեկ բան. - «Ինքնորոշման իրավունքը, ինքնորոշման սկզբունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նաեւ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հանրության կարեւորագույն նպատակներից է: Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին»:

Ղարաբաղյան կարգավորման համատեքստում ինքնորոշման սկզբունքի մասին, Նալբանդյանի հիշեցմամբ, ընդգծումներ են եղել միջազգային ամենատարբեր հեղինակավոր համաժողովներում:

«Այս բոլոր ընդունված հայտարարությունների մեջ հստակ նշվում է ինքնորոշման իրավունքի մասին, եւ եռանախագահները բազմիցս հայտարարել են, նաեւ ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Հետեւաբար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանի նման փորձերը ոչ թե հետապնդում են խնդիրը կարգավորելու, այլ սեփական հանրության աչքերին թոզ փչելու նպատակ:

Ասուլիսի ժամանակ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարներն անդրադարձան նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

«Գոհունակություն հայտնեցինք այն առաջընթացի վերաբերյալ, որն արձանագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման ուղղությամբ», - լրագրողներին փոխանցեց Նալբանդյանը:

Իր հերթին Էրկկի Տուոմիոյան, արձանագրելով Ֆինլանդիայի եւ Հայաստանի միջեւ առկա «շատ լավ հարաբերությունների» փաստը, նաեւ հայտարարեց, թե շատ ուրախ են այն առաջընթացով, որն արձանագրվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման բանակցություների գործընթացում:

Your browser doesn’t support HTML5

Ֆինլանդիայի արտգործնախարարը հորդորում է լուրջ վերաբերվել ԵԽ-ի զեկույցներին