Նորատուսի բնակիչների նախընտրական տրամադրությունը

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում նախընտրական եռուզեռ է:
Մայիսի 6-ին Նորատուսի դպրոցները վերածվելու են ընտրատեղամասերի: Դպրոցներում արդեն փակցված են ընտրատեղամասերի թիվն ու ընտրողների ցուցակները: Գյուղի թիվ 3 դպրոցի տնօրեն Արեւ Բաղդասարյանի խոսքերով` ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ ընտրական հանձնաժողովին եւ ընտրողներին տրամադրելու են դպրոցի մարզադահլիճը:

22/12 ընտրատեղամասում գրանցված են 1640 ընտրողներ: Այս թիվը հնարավոր է փոփոխվի, քանի որ, Արեւ Բաղդասարյանի խոսքերով, մարդիկ կլինեն, որ կտեղափոխվեն իրենց տանը ավելի մոտ գտնվող ընտրատեղամաս:

Նորատուսում երիտասարդները շատ չեն: Եղանակները տաքանալուն պես մեկնում են արտերկիր աշխատելու: «Ոչ մեկին էլ չեմ ընտրելու, որովհետեւ ստեղ չեմ լինելու: Թող պայմաններ ապահովեն մնանք, աշխատենք», - ասում էր նրանցից մեկը:

Ընտրություններին հիմնականում մասնակցում են գյուղի կանայք ու տարեցները: Գյուղացիներից շատերը նշում են` իրենց կյանքի փորձը ցույց է տվել, որ ում էլ ընտրեն, ոչ մի փոփոխություն չի լինում: «Էս ընտրություններին չարժի մասնակցել ընդհանրապես», - ասում են նրանք:

Մարդկանց մի մասը վախենում են իրենց ընտրության մասին բարձրաձայնել: «Հանրապետականին չենք ընտրելու հաստատ»:

Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից առաջարկվող ընտրակաշառքին, գյուղացիների կարծիքները տարբեր էին:

«Առաջարկել են շատ, բայց ես այդ մարդը չեմ, որ կաշառք վերցնեմ: Ներկա պահին գյուղացիների մեծ մասն այդ փողերի հույսով են, սպասում են, որ ստավկաները բարձրանան»:

Նորատուսցիները դեռ չեն ծանոթացել կուսակցությունների նախընտրական ծրագրերին, չգիտեն` ով ինչ խոստումներ է տալիս, բայց, մյուս կողմից, չեն էլ հավատում այդ խոստումներին:

Your browser doesn’t support HTML5

Նորատուսի բնակիչների նախընտրական տրամադրությունը