ԸԸՀ-ն գրանցեց գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանին

Սեդրակ Սարոյան (ձ), Մանվել Գրիգորյան

Թիվ 19 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն (ԸԸՀ) այսօր մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցեց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանին:

Չնայած նրա մրցակցի` նույն ընտրատարածքում ինքնաառաջադրված հանրապետական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի այն հայտարարություններին ու դիմումներին, թե Սարոյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում եւ նրա նկատմամբ նույնպես պետք է կիրառվի Խաչատուր Սուքիասյանի ու Էդուարդ Մադաթյանի նախադեպը, ընտրատարածքային հանձնաժողովը եւ Սեդրակ Սարոյանին, եւ մյուս 4 թեկնածուներին գրանցեց առանց քվեարկության, քանի որ հանձնաժողովում թեկնածուներից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ առարկություն չկար:

«Փաստաթղթերը ներկայացված են օրենքի պահանջներին համապատասխան, որեւէ թերություն, անճշտություն չկա», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանեցեց հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը:

Հակոբ Հակոբյանը անցած շաբաթ իրավապահ, քննչական մարմիններին ու Կենտրոնական ընտրական հաձնաժողով ներկայացրած իր դիմումում խնդրել էր մանրամասն ուսումնասիրել Սեդրակ Սարոյանի փաստաթղթերը, համոզմունք հայտնելով, որ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ Սարոյանի ներկայացրած տեղեկանքը չի արտացոլում իրականությունը. գեներալը տարվա գերակշիռ մասն անց է կացնում արտերկրում, որտեղ բիզնեսներ ունի: Որպես ասվածի ապացույց՝ Հակոբյանը հիշատակել էր նաեւ գործող պատգամավորի բացակայությունները Ազգային ժողովի նիստերի 57 տոկոսից: ԿԸՀ-ն այս դիմումը վերահասցեագրեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն ու թիվ 19 ԸԸՀ: Սակայն այսօր հանձնաժողովից տեղեկացրին, որ Անձնագրային վարչությունը Սեդրակ Սարոյանի մշտական բնակության տեղեկանքի համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների կրկնակի ուսումնասիրության արդյունքում օրենքին հակասող տվյալներ չի հայտնաբերել, գրություն է ուղարկել իրենց, եւ վարչության այդ գրության հիման վրա ԸԸՀ-ն մերժել է Հակոբյանի դիմումը:

Մինչդեռ Հակոբ Հակոբյանը համոզիչ չի համարում այդ պնդումները:

«Մենք բողոքարկելու ենք թե դեսպանատներին, թե դիտորդներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբյանը:

Էջմիածինն ու Արմավիրի մարզի 18 համայնքներ ընդգրկող այս ընտրատարածքը ուշագրավ է նրանով, որ առաջադրված հինգ թեկնածուներից երեքը հանրապետականներ են, երեք հանրապետականներից երկուսն էլ ինքնաառաջադրված Հակոբ Հակոբյաններ են՝ նույն թվականին ծնված, միայն հայրանուններով են տարբերվում: Նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը շարունակում է պնդել, որ անվանակիցը դիտավորյալ, ընտրողներին շփոթեցնելու համար է առաջադրվել, որպեսզի իրենից ձայներ տանի:

Մյուս Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց մրցակցի պնդումները՝ հայտարարելով, որ ինքը ոչ ոքից ձայն խլելու խնդիր չունի:

Ի դեպ, Հակոբ Վարշամի Հակոբյանը ՀՀԿ Արաբկիրի կառույցի կազմակերպիչն է, Էջմիածնի բնակիչ էլ չէ: Հարցին, թե ինչո՞ւ է հենց Էջմիածնում ինքնառաջադրվել, Հակոբյանը պատասխանեց, որ շատ ազգականներ եւ մեծ ընտրազանգված ունի այստեղ: Նա հերքեց, որ որեւէ պայմանավորվածություն ունի Սեդրակ Սարոյանի հետ:

«Ես իմ չորս մրցակիցներին հարգում եմ, եւ ամեն դեպքում դա իմ սահմանադրական իրավունքն է: Ես Սեդրակ Սարոյանին անձամբ չեն ճանաչում, վստահաբար ասում եմ», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ինքնաառաջադրված, անկուսակցական Թոռնիկ Գեւորգյանին, ապա նա հաստատեց, որ իր առաջադրումը մյուս Հակոբ Հակոբյանի՝ նախկին պատգամավորի հետ պայմանավորվածության արդյունք է, քարոզարշավ չի անելու եւ բոլորն էլ դա գիտեն:

Թոռնիկ Գեւորգյանի առաջադրման դրդապատճառները Հակոբյանն այսպես բացատրեց. - «Այո, ես եմ խնդրել Թոռնիկին, որ առաջադրվի զուտ նրա համար, որ մենք ընտրատեղամասերում ունենանք գոնե երկու վստահված անձինք, որովհետեւ ամբողջ հանձնաժողովի անդամները իմ քաղաքական հակառակորդին են տվել, եւ գոնե մենք երկու վստահված անձնանցով կարողանանք պաշտպանել մեր իրավունքները»:

Այս ընտրատարածքում միակ ընդդիմադիր թեկնածուն Սարգիս Քոչարյանն է, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մրցակիցների միջեւ պայքարը որակեց իշխանական ինտրիգներ, պայքար ՀՀԿ-ի երկու թեւերի միջեւ, որոնք մեկը մյուսին ուզում են ինչ-որ բաներ հասկացնել, ինչի հետ ժողովուրդ բացարձակապես կապ չունի:

«Իրականում սա իշխանության բեւեռների կռիվ է, այդ իսկ պատճառով ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը եւս մեկ անգամ խաբված լինի: Ես պայքարում եմ չորս հանրապետականի դեմ, ոչ մեկից վախ չունեմ, եւ չեմ էլ ուզում վախենալ: Եթե խաղեր են խաղում, թող ուրիշ տեղ խաղան», - ասաց նա:

Your browser doesn’t support HTML5

ԸԸՀ-ն գրանցեց գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանին