Ընտրողների թիվը 2008-ի համեմատությամբ ավելացել է

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի ընտրացուցակներում կա 2 միլիոն 485 հազար 844 ընտրող:

«Երեւան քաղաքի ընտրողների թիվը 860 հազար 388 է», - տեղեկացրեց Քոչարյանը:

Երեկ Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում հրապարակվել են ընտրողների ցուցակները:

Հիշենենք՝ փետրվարի սկզբին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց մարդահամարի նախնական տվյալները, որոնց համաձայն Հայաստանում բնակչության թիվը ներկայումս 2 միլիոն 870 հազար է: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2001 թվականի մարդահամարի արդյունքի համեմատությամբ բնակչությունն այսօր պակասել է 415 հազարով:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է 2012-ին ընտրությունների մասնակցող քաղաքացիների թիվը լինել ավելին, քան եղել է 2001-ին, Քոչարյանը պատասխանեց. - «Պատճառը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվող անձանց թվաքանակի աճն է: 2012 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել են 359 հազար 614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակներում: Դա բնակչության պետական ռեգիստրի վերլուծությունների արդյունքներն են, ընդ որում 185 հազարից ավելին 2008 թվականի փետրվարի 18-ի դրությամբ 18 տարեկան չէին, հետեւաբար ցուցակներում չեն երեւացել, բայց արդեն այս նույն թվով ընտրողներ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ ձեռք են բերել ընտրական իրավունք եւ, բնականաբար, հայտնվել են ցուցակներում: Բացի այդ 170 հազարից ավելի քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում, նրանք նախկինում հաշվառումներ չեն ունեցել»:

Ըստ Քոչարյանի՝ մարդիկ սկսել են հաշվառվել նպաստներ ստանալու համար:

«Նպաստներ ստանալու համար օրենսդրությամբ պահանջվում էր փաստացի հաշվառման առկայություն, ինչը ստիպեց քաղաքացիներին անպայման հաշվառվել: Բացի այդ 2008 թվականից սկսած անձնագիր ստանալու համար մարդիկ պետք է կանգնեին հաշվառման», - ասաց նա:

Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը տպագրել էր թիվ 9 ընտրատարածքում փակցված ընտրացուցակի լուսանկարը: Ցուցակի 661-1223-րդ տեղերում ըստ հաջորդականության 562 տողերում նշված է Լուսինե անունը՝ տարբեր ազգանուններով, հայրանուններով եւ ծննդյան թվերով:

«Դա համակարգչային սխալ էր, որը մենք շատ արագ շտկեցինք եւ փակցրեցինք արդեն շտկված տարբերակը: [Մարդկանց թիվը ավելացնելու] միտում չի կարող լինել, հատկապես սեփականատեր քաղաքացիների դեպքում նրանց հասցեներում կան հաշվառված անձինք, որոնց իրենք չեն ճանաչում կամ որոնք այդ հասցեում իրավունք չունեն բնակվելու. եթե դիմեն, մենք բոլորին կհանենք», - ասաց Անձնագրայինի պետը:

Անդրադառնալով Հայաստանից բացակայող կամ մահացած մարդկանց՝ ցուցակներում հայտնվելու խնդրին՝ Քոչարյանն ասաց. - «Միակ հնարավոր տարբերակը հաշվառումից դուրս եկող անձանց կողմից այդ մասին մեզ ժամանակին գրավոր տեղեկացնելն է: Բավական է քաղաքացին թերանա, չկատարի իր պարտականությունը եւ բնակչության պետական ռեգիստրը այդ մասով արդեն կունենա անճշտություններ: Ի դեպ, հանգուցյալների հարազատները չեն դիմում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ եւ մահվան փաստը չեն գրանցում»:

Դիտարկմանը, թե մահացած մարդիկ քվեարկում են, Քոչարյանն այսպես արձագանքեց. - «Ես քվեարկելու մասին տվյալներ չունեմ, մենք քվեարկությունը վերահսկող մարմին չենք, ընտրական իրավունքի սուբյեկտները միայն ոստիկանությունը չէ»:

Քաղաքական գործիչները հայտարարություններ են անում երկրորդ անձնագրով եւս քվեարկության հնարավորության մասին:

«Դա միստիկային ոլորտից է, ես բացառում եմ, որ մարդկանց ձեռքին լինի երկու վավերական անձնագիր: Եթե կան կեղծիքներ, այդ կեղծիքների հեղինակը այլ վայրերում է, անձնագրային ծառայությունների հետ դրանք առնչություն չունեն», - ասաց նա:

Հովհաննես Քոչարյանի պարզաբանմամբ՝ ոստիկանները ենթակա են քրեական խիստ պատժի երկրորդ անձնագիրը տրամադրելու համար: Անձնագրային եւ վիզաների վարչության պետն ասաց, թե հավուր պատշաճի է ընդունելու իր ղեկավարի՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պատգամը, ըստ որի ընտրացուցակների ճշգրտությունը ոստիկանների համար անձնական պատասխանատվության հարց է:

Your browser doesn’t support HTML5

Ընտրողների թիվը 2008-ի համեմատությամբ ավելացել է