Մարտի 27-ի մամուլ

Մամուլն արձագանքում է ընդդիմադիր երկու ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» միջեւ ծագած հակասության նոր դրսեւորմանը։

«Հայոց աշխարհ»-ը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկի փաստին, գրում է. - «Մեկ ինքնաբացարկով ընդդիմության «դարդին դարման անել» հնարավոր չէ: Ավելին՝ «Ժառանգության» առաջնորդի քայլով ոչ թե չեզոքացվում, այլ ավելի է սրվում եւ առավել ակնառու է դառնում մրցակցությունը ընդդիմադիր թեկնածուների միջեւ: Մեծամասնական ընտրատարածքներում երկու եւ ավելի ընդդիմադիր թեկնածուների առաջադրումները եւ այս իրողությամբ պայմանավորված խառնաշփոթը, կարելի է ասել, պայթյունավտանգ վիճակ է ստեղծել ընդդիմադիր ճամբարում: Այս հատվածում այնպիսի «ռազբիրատներ» են սկսվել, որ թվում է, թե բարեփոխված Ընտրական օրենսգիրքը իրականում այնքան էլ այդպիսին չէ: [...] Դե, իսկ եթե ընտրություններում երկու կողմն էլ հաջողության չհասավ, կամ մասնակի հաջողության հասավ, այդ դեպքում համատեղ ուժերով կդատապարտեն իշխանություններին ընտրությունները «կեղծելու» համար»:

«Չորրորդ ինքիշխանություն» թերթում կարդում ենք․ - «Ինչպես «ծոմապահության օրերին», այնպես էլ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց անսպասելիորեն հայտնվել Կոնգրես – իշխանություններ պայքարի ճիշտ կենտրոնում եւ մի քանի օրով իր վրա սեւեռել լրատվամիջոցների ուշադրությունը։ Եվ երկու դեպքում էլ, ուշադրություն դարձրեք, քարոզչական ուղերձը նույնն է․ «տեսեք, թե կոնգրեսականներն ինչքան չար են, իսկ ես՝ ինչքան բարոյական»։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, թե ով ինչ պայմանավորվածություն է խախտել, կամ կոնկրետ այդ ընտրատարածքում ով ավելի արդյունավետ կպայքարեր։ Խնդիրն այն է, որ «Ժառանգությունը», որպես ընդդիմադիր ուժ, փոխանակ ցույց տա, թե հաղթանակի դեպքում ինչ արդյունավետ կպայքարեր այսօրվա իշխանությունների դեմ, ցույց է տալիս, թե ինչ արդյունավետ է պայքարում Կոնգրեսի դեմ»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը, եւս մեկ անգամ ցույց տալով, որ քաղաքական ամբիցիաները նրա համար երկրորդական են, հանեց իր անունը թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածուների ցուցակից: Պատկերացնո՞ւմ եք, եթե չհաներ, ինչ էին նրա հետ անելու ՀԱԿ-ականները՝ իրենց մշակութային մակարդակին եւ ընտանեկան դաստիարակությանը համապատասխան՝ «հաճախորդ», «դհոլ» եւ «ախք» որակումները առավել մեղմ կթվային: Պարոն Հովհաննիսյանի այս քայլը ես գնահատում եմ որպես իր անձնական որակների դրսեւորում, ոչ թե իր կուսակցության դիրքորոշման արտահայտություն»։


«Երկիր» թերթը եւս անդրադառնում է աղմկահարույց թիվ 7 ընտրատարածքին, սակայն այլ՝ Նիկոլ Փաշինյան – Սամվել Ալեքսանյան մրցակցության տեսանկյունից։ Թերթը գրում է. - «Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ չի բանավիճելու, որովհետեւ իրական մրցակից է համարում իր մարիոնետի դերը ստանձնած մյուս թեկնածուին։ Սակայն խնդիրն այս օլիգարխի մեջ չէ, որովհետեւ նրանից ոչ ոք ուրիշ բան չէր էլ սպասում, այլ նրան պաշտպանող քաղաքական ուժի։ Փաստացի բանավեճից ոչ թե Ալեքսանյանն է հրաժարվում, այլ նրա վրա հույս դրած քաղաքական ուժը, որը պատասխանատվություն է կրում իր առաջադրած յուրաքանչյուր թեկնածուի համար եւ որը, Ալեքսանյանին առաջադրելով, ի սկզբանե հասկանում էր, որ նա բանավիճելու կարողություն չունի եւ բացարձակապես դրա կարիքը չունի։ Իսկ երբ պաշտպանածդ թեկնածուն խուսափում է բանավեճից, նշանակում է այն, որպես հանրությանը ներկայանալու, նրան հաշվետու լինելու միջոց եւ ընտրարշավի քաղաքակիրթ մեթոդ, ընդունելի չէ նաեւ քեզ համար։ Ինքնին այս փաստն արդեն կասկածի տակ է դնում թափանցիկ ու արդար ընտրություններ անցկացնելու հավաստիացումների անկեղծությունը։ Որովհետեւ նման վարքագիծը արժեզրկում է բանավեճի մշակույթը եւ այն, որպես քաղաքակիրթ հաղորդակցության մեթոդ, դառնում է ընդունելի»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Մեկ ամիս շարունակ հանրապետական կուսակցությունը թմբկահարում էր, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանրությանը ներկայանալու է նոր դեմքերով, նոր արյունով, ՀՀԿ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր նաեւ, թե օլիգարխներ եւ մականունավորներ իր ցուցակում չեն լինելու։ Իշխող կուսակցության ցուցակը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում, սակայն, այնտեղ որեւէ անակնկալ կամ թարմ արյուն գրեթե հնարավոր չէ գտնել․ պարզապես անունները հիմնականում հետ ու առաջ են տարվել, արանքում մատների վրա հաշված մի քանի անձանց մտցրել, բայց ցուցակի ընդհանուր տրամաբանությունը գրեթե նույնն է մնացել»։

Your browser doesn’t support HTML5

Մարտի 27-ի մամուլ