Նալբանդյանը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել նրա եւ դեսպան Անրի Ռենոյի հանդիպումը հայաստանյան բուհերի ֆրանսախոս ուսանողների հետ:

«Հայ - ֆրանսիական հարաբերությունները հիմնված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների վրա, իսկ վերջին քսան տարիների համատեղ ջանքերով մեզ հաջողվեց նոր դինամիկա հաղորդել փոխհարաբերություններին», - հայտարարել է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ֆրանսիայի դեսպանը, իր հերթին, ընդգծել է, որ հայ - ֆրանսիական ջերմ հարաբերությունները նույնքան զգայական են, որքան էլ` ողջամիտ, իսկ Հայաստանը այն եզակի երկրներից է, որը առանձնակի եւ ուրույն տեղն է զբաղեցնում ֆրանսիական հասարակության մեջ:

Պատասխանելով ուսանողների հարցերից մեկին՝ Հայաստանի արտգործնախարարը ասել է. - «Ֆրանսիան այն երկիրն է, որը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ կարեւորագույն դերակատարություն է ունեցել եւ ունի արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, Ֆրանսիան այն երկիրն է, որ ապաստան տվեց եւ երկրորդ Հայրենիք դարձավ Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր հազարավոր հայրենակիցների համար, Ֆրանսիան այն երկիրն է, որն առաջինն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան այն երկիրն է, որի ժողովրդը հավատացած է, որ մարդկության դեմ հանցագործությունների հերքումը պետք է պատժվի, եւ այս ամենի համար ես ցանկանում եմ մեր խորը երախտագիտությունը հայտնել»: