Արտգործնախարարների հայտարարությունը «խաղաղության պահպանման որոշակի երաշխիք է»

Ձախից` աջ. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Փարիզում Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ, 14-ը մարտի, 2011թ.

Հայաստանյան քաղաքագետները, թեեւ չակնկալելով կարճաժամկետ էֆեկտ, այդուամենայնիվ դրական են գնահատում ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի կոնֆերանսի հրավիրման քսանամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների նախօրեին արած համատեղ հայտարարությունը՝ համարելով, որ այն, այնուամենայնիվ, խաղաղության պահպանման որոշակի երաշխիք է։

Քաղաքագետները դրական են համարում նաեւ ղարաբաղյան հարցի նկատմամբ Եվրամիության հետաքրքրության ակտիվացումը։

Եվրախորհրդարանում, հիշեցնենք, քվեարկության է դրված Եվրամիություն-Հայաստան ասոցացման համաձայնագրի բանակցություններին վերաբերող մի փաստաթուղթ, որն իր մեջ ներառում է Ղարաբաղին առնչվող կետ։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եվրամիության նկատելի ակտիվացումը Ղարաբաղի հարցում ինքը հակված է դիտարկել «ներգրավում առանց ճանաչման» կոնցեպցիայի շրջանակում․ - «Իհարկե, դա չի վերաբերում միայն Ղարաբաղին։ Դա վերաբերում է նաեւ չճանաչված կամ մասամբ ճանաչված դե ֆակտո այլ պետությունների՝ հատկապես Աբխազիայի եւ Օսեթիայի համատեքստում, բայց մենք գիտենք, որ նույնիսկ փետրվարի 27-ի հայտարարությունում արտգործնախարարների, որտեղ նշված էր, որ Եվրամիությունը պահանջելու է առանց խնդիրների մուտք Ղարաբաղ»։

Մինասյանը կարծում է, որ Ասոցացման պայմանագիրը որոշակի առնչություն կունենա ղարաբաղյան կարգավորման հարցի հետ․ - «Դա մասն է ավելի լայն փոփոխությունների, որոնք որ թվում է, թե նկատվում են Եվրամիության քաղաքականության մեջ, որ, չլուծելով դեռ, կամ հասկանալով անլուծելիության մակարդակը ղարաբաղյան հարցում, փորձել հումանիտար ներգրավվածության մակարդակով որոշ հարցեր լուծել՝ դրանով նպաստավոր մթնոլորտ ստեղծել հակամարտության գոտում»։

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ Եվրոպական միությունն ու Արեւմուտքը բազմապատկում են ջանքերը, որոնք ուղղված են հակամարտող կողմերի շահերի եւ պատկերացումների փոփոխմանը․ - «Պրակտիկ քայլեր են արվում այդ ուղղությամբ՝ կապված թե՛ առանձին-առանձին հարավկովկասյան հանրապետությունների հետ, թե՛ ընդհանուր կոնֆլիկտի կարգավորման»։

Մինսկի խմբի ձեւաչափում Ֆրանսիան Եվրամիությամբ փոխարինելու առաջարկը Ռուբեն Մեհրաբյանն, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում, քանի որ, ըստ քաղաքագետի, այդպիսով եւս մեկ անգամ փաստվում է իրողությունը, որ Եվրամիությունը ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում, ինչն, ինքնին, դրական է։

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը հակված է Մինսկի խմբի ձեւաչափում Ֆրանսիան Եվրամիությամբ փոխարինելու առաջարկը դիտարկել, իր խոսքով, պրագմատիզմի դիրքերից։

«Չկան բարեկամներ, թշնամիներ։ Կան մշտական շահեր։ Եվ այս պարագայում Եվրամիությունը, թերեւս, ստանձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարինողի դերը, պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որով առաջնորդվում էր Ֆրանսիան», - նշեց Ղազինյանը։ - «Մինդեռ, Հայաստանում, թեեւ դեռ պաշտոնական արձագանք չկա, սակայն այս կապակցությամբ որոշ փորձագետներ արդեն Ադրբեջանի հետք են տեսնում։ Թերեւս ճիշտ կլիներ չընդդիմանալ այս գործընթացին ու փորձել առավելագույն օգուտ քաղել նոր իրողություններից», - ասում է նա։

Your browser doesn’t support HTML5

Արտգործնախարարների հայտարարությունը «խաղաղության պահպանման որոշակի երաշխիք է»