Խորհրդարանն ընդունեց վիճահարույց օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ, երրորդ ընթերցումներով եւ ամբողջությամբ ընդունեց արտակարգ դրության ժամանակ բանակը «ներքին զորքերի կանոնակարգին համապատասխան գործառույթներով» ներգրավելու հնարավորություն ընձեռող վիճահարույց օրինագիծը:

Նախքան երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը ՀՅԴ խմբակցությունը 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց, խմբակցության ղեկավար Վահան Հովհնաննիսյանը խոսքով` հուսալով, որ «իշխող կուսակցությունները հոգնեն դահլիճում երկար մնալուց, դուրս գան, եւ օրենքը չանցնի»:

Իշխող քաղաքական ուժի պատգամավորները 20 րոպե դիմացան, չհոգնեցին, մեծամասնությունը կողմ քվեարկեց: Կողմ քվեարկելու համար խորհրդարան էր եկել նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Նա խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելուց հետո բացառիկ դեպքերում է մասնակցում Ազգային ժողովի աշխատանքներին:

Բացի Դաշնակցությունից եւ «ժառանգություն»-ից, օրինագծի քվեարկությանը չմասնակցեցին նաեւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը: Չքվեարկողները 12-ն էին: Երեկ Դաշնակցությունն ու «ժառանգություն»-ը պայմանավորվել էին չքվեարկել եւ այդպիսով տապալել նախագծի ընդունումը:

Նախագծին ընդդիմացող պատգամավորները վկայակոչում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը եւ պնդում, որ այս օրինագիծը հնարավորություն է ընձեռում ներքաղաքական խառնակ իրավիճակներում բանակի միջոցով կարգավորել քաղաքական խնդիրները:

Վահան Հովհաննիսյանը դիմեց իրենց քվեարկություններով այս օրինագծից բխող հետեւանքների համար պատասխանատվություն ստանձնած պատգամավորներին եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում նրանք չեն տեսնի «իրենց անհեռատեսության ծանր հետեւանքները»:

Your browser doesn’t support HTML5

Խորհրդարանն ընդունեց վիճահարույց օրինագիծը