Քաղաքապետարանը սկսել է Մաշտոցի այգու բարեկարգումը

Your browser doesn’t support HTML5

Երեւանի քաղաքապետարանը այսօրվանից Մաշտոցի այգում սկսել է բարեկարգման աշխատանքները:

«Կենտրոն Կանաչապատում» ընկերության աշխատողները առավոտից բահերով փորում էին տարբեր հատվածներ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընկերության ներկայացուցիչը, այս պահին պուրակի ողջ տարածքում ոռոգման համակարգ է անցկացվում:

Միաժամանակ այգում շարունակվում է ակտիվիստների նստացույցը, ինչպես նաեւ ոստիկանական հսկողությունը, կրպակների առջեւից արգելապատնեշները չեն հեռացվել, սակավ թվով ոստիկաններ հսկում են դրանք:

Բնապահպաններն իրենց հերթին, ինչպես հայտարարել էին, այգում բարեկարգման աշխատանքներ կիրականացնեն: Հենց պուրակում դրամահավաք են սկսել:

Բնապահպան Եղիա Ներսիսյանը պարբերաբար մոտենում էր այգում աշխատող բանվորներին: - «Իրենց հարց տվեցի` եթե մենք ուզենանք ծառատունկ անել այստեղ, ի՞նչ եք մտածում: Ասաց` խորհուրդ չեմ տա ծառատունկ անեք, որովհետեւ այստեղ ուրիշ տիպի ծառեր մենք կբերենք կտնկենք: Չնայած` ինձ թվում է, դա նաեւ մեր ճնշման արդյունքն էր, որ հիմա բերեցին բարեկարգում են», - մեզ հետ զրույցում պատմեց ակտիվիստը:

Հիշեցնենք` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ միայն այգին բարեկարգելուց եւ ինչպես ինքն էր ձեւակերպել` հանրությանը վերադարձնելուց հետո, կրպակներում առեւտուրը կսկսվի:

Եղիա Ներսիսյանը, սակայն, ասում է. - «Չէ, թույլ չենք տա, պիտի պայքարենք: Ինչի՞ մասին է խոսքը: 38 օր է այստեղ ենք: Հիմա դեռ չեն սկսում` փաստը մնում է փաստ: Հենց սկսեն, մենք դիմադրություն պետք է ցույց տանք»:

Կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանն էլ ասում էր, թե քաղաքապետարանը վաղուց պետք է բարեկարգեր այգին` չհասցնելով այն այս վիճակի: - «Հուսանք, որ առաջին հերթին [կրպակների] ապամոնտաժումը կանեն իշխանությունները, ոչ թե մենք», - հավելեց Դովլաթյանը:

Այսօր այգում էր նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը, ով շեշտում էր, որ սա քաղաքական պայքար չէ:

«Պետք է այգին վերադարձնեն հանրությանը եւ այս տգեղ տուփերը հանեն այստեղից` շպրտեն: Ես իմ գործընկերների համար չեմ կարող պատասխանել: Ես չեմ հասկանում իրենց դիրքորոշումը` ընդհանրապես ինչի՞ց են իրենք վախենում: Իրենց այգին, իրենց երեխաների առողջությունը պաշտպանելո՞ւց են վախենում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց երգիչը:

Your browser doesn’t support HTML5

Քաղաքապետարանը սկսել է Մաշտոցի այգու բարեկարգումը