Մարտի 17-ի մամուլ

«Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է մայիսի 6-ին նշանակված խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած պատգամավորի թեկնածուների առաջադրումներին եւ, մասնավորապես, իշխանական կոալիցիայի մաս կազմող երկու կուսակցությունների` Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի մրցակցությանը: Թերթը, մասնավորապես, գրում է. - «Հաշվի առնելով Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի վերջին կոալիցիոն հուշագիրը` կապված քաղաքակիրթ մրցակցային պայմանների եւ միմյանց դեմ չմրցակցելու հետ, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջադրումներից պարզ է դառնում, որ, փաստորեն, խախտվում է կոալիցիոն հուշագիրը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ն անդրադարձել է պատգամավորության գործարար թեկնածուների առաջադրումներին: Թերթն արձագանքում է իշխող Հանրապետական կուսակցության խոսնակի` օրերս ներկայացրած պնդմանը, թե գործարարը վատ բան չէ: «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Գործարար թեկնածուների առկայությունը վատի կամ լավի խնդիր չէ, գործարար թեկնածուների առկայությունը Սահմանադրության խնդիր է, ինչպես նաեւ` քաղաքական հայտարարության եւ սկզբունքի»: «Առնվազն զավեշտալի է, իսկ մեծ հաշվով` հասարակության հանդեպ տարրական հարգանքի իսպառ բացակայություն, երբ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հայտարարում են ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չընդգրկելու մասին, բայց նրանց առաջադրում են մեծամասնական ընտրակարգով: Դա նշանակում է հասարակությանն առնվազն հիմարի տեղ դնել` համարելով, որ մարդիկ չեն հասկանում իշխանության այդ մարտավարությունը», - գնահատում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

«Առավոտ»-ի խմբագրականը «Ազատ դեմոկրատներ»-ի եւ «Ժառանգության» դաշինք կազմելու առիթով գրում է, որ այս երկու ուժերի գաղափարախոսությունն ազատականությունն է, որը «Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող հոսանքը չէ». - «Մեր հասարակության մեջ լիբերալ մտածելակերպով մարդիկ ընդհանրապես փոքրամասնություն են կազմում: Իսկ քաղաքական ուժերը, բնականաբար, մեր հասարակության անբաժանելի մասն են: Հատկապես այս` նախընտրական շրջանում մեր հիմնական կուսակցությունների գերիշխող «գաղափարախոսությունը» (եթե այդպես կարելի է ասել) պարանոյան է, երբ ամեն մի բառի տակ նրանք փնտրում են համաշխարհային դավադրության եւ մութ ուժերի պատվեր ու բացի քաղցրահամ գովաբանություններից` ընդհանրապես պատրաստ չեն որեւէ բան լսել»:

«Առնետավազորդների ժամանակը» վերնագրով խմբագրականում «Երկիր» օրաթերթը քննարկման առարկա է դարձնում հերթական ընտրություններին ընդառաջ այս կամ այն կուսակցությանն անդամագրվելու դրդապատճառը. - «Աբսուրդը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց պարտքն են համարում հրապարակավ հայտարարել, թե նստած միտք են անում` այդ պահին որ կուսակցությանն անդամագրվեն` ընտրություններին մասնակցելու ու ավելի հեշտ խորհրդարան մտնելու համար: Կուսակցական դաշտը վերածվել է պարզունակ ցատկահարթակի, որի վրա կարելի է ոչ միայն աջ ու ձախ, այլեւ հրապարակային ցուցադրություններ կազմակերպել»:

«Մարդու կյանքն արժեք չունի» վերնագրով առաջնորդող հոդվածում «Հրապարակ»-ն անդրադառնում է Մաշտոցի պուրակում տիրող իրավիճակին: Թերթը մասնավորապես ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ոստիկանների թիվը գերազանցում է բողոքի ակցիան շարունակող երիտասարդների թվին. - «Պետությունն անհատի սեփականությունը ոստիկանի մարմնով ու մետաղե ցանկապատներով պաշտպանում է հասարակությունից: Թեեւ այգում ոչ ոք չէր պատրաստվում որեւէ կերպ վնասել անհատի սեփականությւոնը, որն այս երկրում մարդու կյանքից, հասարակությունից ավելի թանկ է»:

Your browser doesn’t support HTML5

Մարտի 17-ի մամուլ