Մեկնարկում է «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագիրը

Վաղը Երեւանի պետական համալսարանում կայանալիք համերգով կմեկնարկի «Երիտասարդները երիտասարդների համար» հայ-ամերիկյան մշակութային ծրագիրը:

Ծրագիրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության եւ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքն է:

Ծրագրի շրջանակներում հայաստանյան տարբեր բուհերում եւ Գիտությունների ազգային ակադեմիայում մինչեւ մարտի 27-ը կանցկացվի 8 համերգ:

Համերգները կանցնեն Holliwood non-stop խորագրի ներքո: Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը առանց ընդմիջումների կկատարի հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերի երաժշտությունը: Կհնչեն Գերշվինի, Բեռնսթայնի, Ուիլյամսի, Ռոտայի եւ այլոց հանրահայտ մեղեդիները հանրահայտ ֆիլմերից:

Համերգներին ընդառաջ այսօր լրագրողներին հանդիպման էին հրավիրել Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քերին Ռոբլին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է, որ ապագայում նման մի ծրագրի շրջանակներում հայկական կինոյի երաժշտությունը ներկայացվի Միացյալ Նահանգներում, Ռոբլին արձագանքեց, որ լավ ծանոթ է հայկական կինոարվեստին եւ երաժշտարվեստին` հավելելով, որ համագործակցության լավ հեռանկարներ է տեսնում:

Սերգեյ Սմբատյանն այդ առնչությամբ հավելեց, որ արդեն աշխատում են այդ ուղղությամբ:

Your browser doesn’t support HTML5

Մեկնարկում է «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագիրը