Մարտի 14-ի մամուլ

Փորձելով գնահատել խորհրդարանի ապագա կազմի պրոֆեսիոնալ որակները` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանն ակնհայտորեն որոշել է «ծյունինգ անել» ապագա խորհրդարանը, եւ պատահական չէ, որ ՀՀԿ նախընտրական ցուցակում կիսակրիմինալ դեմքերի փոխարեն հայտնվելու են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլն։ Դրանից ըստ էության ոչինչ չի փոխվում, որովհետեւ մեծ հաշվով` տարբերություն չկա, թե հատկապես ովքեր կսեղմեն կոճակները։ Կամ ի՞նչ տարբերություն` երգչուհիները ԱԺ ամբիոնի՞ց պիտի փառաբանեն իշխանություններին, թե՞ տարբեր «թոք-շոուների» եթերներից։ Ազգային ժողովն այսպես թե այնպես ձեւական կառույց է, որովհետեւ օրենքները կամ նախագահականում են գրվում, կամ կառավարությունում, իսկ խորհրդարանն ընդամենը ձեւացնում է, թե քննարկում է դրանք, վերջում էլ անպայման կողմ է քվեարկում»։

«Հրապարակ»-ն ընդհանրացրել է այն երեք հիմնական շարժառիթները, որոնք, ըստ թերթի, հրապուրիչ են դարձնում Հայաստանում պատգամավորի կարգավիճակը: Թերթը թվարկում է. - «ա) պատգամավորի մանդատ ունենալը «պրեստիժնի» է: Այն կշիռ չունեցող մարդուն կշիռ է տալիս, կշիռ ունեցողի կշիռը բարձրացնում: Հանրապետությունում հարցեր լուծելու, սրան-նրան «տանիք» դառնալու, սրան-նրան բերդից ազատելու, անվճար բուժօգնություն կազմակերպելու, աշխատանքի տեղավորելու եւ այլ հնարավորություններ է ընձեռում: բ) Մանդատը պաշտպանվածություն է: Ինչպես մեզ տված հարցազրույցներից մեկում մի հավակնորդ էր ասել՝ «քսիֆ ա, որ դնում ես գրպանումդ ու ֆռֆռում»: Այդ «քսիֆը» տնօրինողը կարող է իրեն ապահով զգալ պետավտոտեսուչներից, ոստիկաններից, հարկայինից, դատախազությունից եւ այլն: գ) Դա 5 տարի ոչինչ չանելու եւ երաշխավորված աշխատավարձ ստանալու հնարավորություն է: Իսկ եթե ճարպիկ ես, ապա մեծ փողեր աշխատելու շանս: Տարբեր բիզնեսների մեջ կարելի է փայ մտնել, ներկրումներ անել, մերձավորներիդ համար հարկային արտոնություններ եւ փոքր տոկոսադրույքներով վարկեր ապահովել, տենդերներ շահել ու դրամաշնորհային ծրագրերի մեջ մտնել»:

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Թղթակցի դիտարկմանը, որ համագումարից հետո ամենաքննարկվող թեմաներից է դարձել «Առա'ջ, Հայաստան» կարգախոսի փոխարինումը «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Հանրապետականի կարգախոսները երբեւիցե չեն փոխվում: Պարզապես յուրաքանչյուր ժամանակափուլի կամ ընտրական ժամանակահատվածի համար ընտրվում է հանրությանը ներկայացվող ծրագրերից բխող կարգախոս: Ո'չ «Առաջ Հայաստան», ո'չ էլ դրան նախորդած կարգախոսները մենք չենք մոռանում, այլ փոփոխվող քաղաքական իրավիճակին ու առաջացած նոր խնդիրներին համահունչ շեշտադրումով նոր կարգախոս ենք ընդունում: Անցած հինգ տարիներին Հանրապետականը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, մեծ ծավալի աշխատանք է կատարել, որի արդյունքներն ու ձեռքբերումները տեսանելի են մեր կյանքում: Հիմա արդեն բոլորի համար ընդհանրական ծրագրային քայլերից անցնում ենք ամեն մեկի ու յուրաքանչյուրի կյանքը բարեփոխելուն նպատակաուղղված քայլերի»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Վերջերս լսել եմ, որ Երեւանի «էլիտար» դպրոցներից մեկում այբբենարանի հանդեսը կատարել են ռեստորանում: Ընդ որում, երբ ծնողներից մեկն ընդվզել է նման «էլիտարիզմի» դեմ, նրան բացատրել են, որ այդպիսին է տնօրենի կարգադրությունը, եւ հետո այդ ծնողը «սպիտակ ագռավ» է դարձել քաղքենիության այդ խրախճանքում: Չգիտեմ, ինչն է ավելի շատ մնալու երեխաների հիշողության մեջ՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառե՞րը, թե՞ աղցանների եւ «գարյաչիների» անվանումները: Համենայնդեպս, երեխաներին տոն պարգեւելու, նրանց համար վառ հիշողություն ապահովելու այս՝ զուտ գաստրոնոմիկ եղանակը համահունչ է այսօր փաստացի գերիշխող արժեքային համակարգին»:

«Արտագաղթը շարունակվում է» վերնագրի ներքո «Ժամանակ» օրաթերթը տեղադրել է հետեւյալ տեղեկատվությունը. - «Այս տարվա առաջին երկու ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից) Հայաստան է ժամանել 96 հազար 406 մարդ, իսկ մեկնել է 113 հազար 980 մարդ: Բացասական սալդոն անցած ամիսներին կազմել է 17 574 մարդ: Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին օդային ճանապարհով ժամանել էր 92 հազար 80 եւ մեկնել` 106 հազար 818 մարդ: Բացասական սալդոն եղել է 14 հազար 738»:

Your browser doesn’t support HTML5

Մարտի 14-ի մամուլ