ԱԺ մանդատներին կհավակնեն նաեւ լրագրողներ

Մոտ մեկ տասնյակ լրագրողներ որոշել են զբաղվել քաղաքականությամբ. առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանք կընդգրկվեն քաղաքական ուժերի ընտրացուցակներում, ոմանք կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:

«Առավոտ» օրաթերթի թղթակից Մարգարիտ Եսայանն ընդգրկվելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը` «Բարգավաճ Հայաստան»-ի:

Մեծամասնականով առաջադրվելու ցանկություն ունի Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը:

Առաջադրվելու են նաեւ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ու «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Վերջինս կառաջադրվի մայրաքաղաքի Էրեբունի համայնքի ընտրատարածքներից մեկում:

«Էրեբունին ընդգրկում է 11, 12, 13-րդ ընտրատարածքները: Թե դրանցից որտեղ կառաջադրվեմ` այս պահին չեմ ուզում ասել, որովհետեւ պետք է վերջնական պատկերը ես ունենամ, թե որտեղ ով է առաջադրվում: Դրանից էլ կախված կլինի իմ որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վեզիրյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշել առաջադրվել, լրագրողը պատասխանեց. - «Հասարակության մեջ այսպիսի հարցադրում կա, որ նոր դեմքեր են պետք, սերնդափոխության խնդիր կա եւ այլն, եւ այլն… Ես ինձ, օրինակ, համարում եմ նոր դեմք: Տեսնենք` հին դեմքերի կամ օլիգարխիկ դեմքերի հետ ընտրապայքարը ո՞ւմ հաջողություն կբերի: Եթե իրենց` այստեղ արդեն նորից կանգնում ենք այն խնդրի առջեւ, որ հասարակության մեջ ինչ-որ մի բան այն չէ»:

Ըստ մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունների, Էրեբունի համայնքում, որը նախորդ ընտրություններում աչքի է ընկել միջադեպերով, առաջադրվելու ցանկություն ունեն նախկին պաշտոնյաներ, մասնավորապես` համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը:

Հարցին, թե անհավասար մրցակցությունն իրեն չի՞ մտահոգում, Գոհար Վեզիրյանն արձագանքեց. - «Ես չէի ուզենա ասել, որ Էրեբունիում ավելի վտանգավոր է, քան, ասենք, Մալաթիա-Սեբաստիայում, Ավանում կամ Սյունիքի մարզի որեւէ ընտրատարածքում: Հայաստանում այսօր այնպիսի մթնոլորտ է, որ բոլոր տեղերում էլ վտանգավոր է… Որովհետեւ ամեն ընտրությունից հետո հասարակությունը նոր հիասթափությունների առջեւ է կանգնում: Եվ փողին, իշխանությանը, տնտեսական ազդեցությանը պետք է համադրել միտք, պայքար, վճռականություն»:

Վեզիրյանին որեւէ կուսակցություն չի աջակցում, նա չի էլ ցանկանում, որ իրեն աջակցեն:

Արաբկիր համայնքի ընտրատարածքներից թիվ 4-ում առաջադրվելու է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

«Լրագրողի համար շատ մեծ փորձառություն է իր կաշվի վրա զգալ այդ ամբողջ պրոցեսը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սեյրանյանը:

Նրա մրցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի SAS խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Նման մրցակցությունից լրագրողը չի վախենում. - «Իմ առաջադրումը չեմ պայմանավորում նրանով, թե ով կա իմ առջեւ: Շատ լավ գիտակցում եմ իրենց հնարավորությունները` ֆինանսական եւ այլն… եւ մտավոր: Բոլորովին չեմ կաշկանդվում, շատ հանգիստ եմ: Միամիտ չեմ, գիտեմ, որ կլինեն ընտրակաշառքներ»:

Սաթիկ Սեյրանյանը, այդուհանդերձ, լավատես է. - «Փոխված է քաղաքացին. ինքը գիտի ինչ է ուզում իր պատգամավորից, ինչ սպասելիքներ ունի: Այլեւս չես կարող ուղղակի գնել: Բոլորս գիտենք, թե սոցիալական ինչ ծանր վիճակում են [քաղաքացիները]: Թող բաժանեն, թող վերադարձնեն այդ գումարները քաղաքացուն… Բայց ինքը իր ընտրությունը գիտի ինչպես կանի»:

Սեյրանյանն առաջադրվելու է որպես անկուսակցական, սակայն նրան կաջակցի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Հնարավոր է, որ նախընտրական շտաբը ղեկավարի լրագրողի ամուսինը` Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ-ի անդամ Հովհաննես Շահինյանը:

Այս կապակցությամբ Սեյրանյանն ասաց. - «Չի խառնվելու այդ հարաբերությունների մեջ: Որովհետեւ ինքը ունի իր կուսակցությունը, որի գաղափարների կրողն է: Այստեղ որպես մեծամասնական թեկնածուի ինքը իր աջակցությունը կունենա թե' կազմակերպչական առումով, թե' հոգեւոր աջակցությունը մեծ կլինի ու կա արդեն»:

Your browser doesn’t support HTML5

ԱԺ մանդատներին կհավակնեն նաեւ լրագրողներ