Վրաստանը մտադիր է խստորեն պատժել այլատյացությունը

Վրաստանի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել պատիժը այլատյացության եւ կրոնական անհանդուրժողականության հողի վրա կատարված հանցագործությունների համար:

Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների փաթեթը վրացական խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել շաբաթասկզբին:

Օրենսդրական այս նախաձեռնության համաձայն` հանցագործության ազգային կամ կրոնական դրդապատճառներն այսուհետ դիտարկվելու են որպես ծանրացուցիչ հանգամանք։ Քրեական պատիժ է սահմանվում նաեւ այլազգիների նկատմամբ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների եւ հրապարակումների համար:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունների ի հայտ գալը ոչ կառավարական սեկտորի եւ միջազգային հանրության համատեղ ճնշման արդյունք է:

Դրա հետ մեկտեղ, Ստեփանյանը օրենքի հաստատման հեռանկարներին բավական հոռետեսորեն է վերաբերվում։ «Անկեղծ ասած, ես այնքան էլ չեմ հավատում, որ այս օրենքը կընդունվի: Մեծ է հավանականությունը, որ բուռն քննարկումներ ու վեճեր լինեն: Բայց անգամ եթե այս օրենքը ընդունվի, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է այն գործի դրվելու: Մեր կանխատեսումներով` առաջիկայում ատելության հողի վրա բազմաթիվ սադրանքներ են լինելու, եւ ես չեմ կարծում, որ իշխանություններն ի վիճակի լինեն այդ հոդվածով, ասենք, 100 կամ 150 մարդու ազատազրկել, այն էլ` ոչ շարքային քաղաքացիների», - նշել է Ստեփանյանը` հատուկ ընդգծելով, որ շատ հաճախ ազգային թշնամանքի տարրեր պարունակող ճառերը հնչեցնում են Վրաստանի քաղաքական դաշտի առաջատար դերակատարները:

Ազգայնականության դրսեւորումներ շատ են ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ վրացական մամուլում: Անցած տարեվերջին գերմանական Հենրիխ Բյոլի հիմնադրամը հրապարակեց վրացական մամուլի համապարփակ մոնիտորինգի արդյունքները` նշելով, որ «հայ» բառը վրացական լրատվամիջոցներում օգտագործվում է որպես վիրավորանք: «Հայը» վրացական մամուլի էջերում տեղ գտնող ամենատարածված վիրավորանքն է», - արձանագրել են հիմնադրամի փորձագետները:

Հակահայկական տրամադրությունները Վրաստանում գագաթնակետին հասան 2011 թվականի ամռանը, երբ վրացական խորհրդարանը որոշեց պաշտոնական գրանցման հնարավորություն ընձեռել կրոնական մի շարք կառույցների, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամի տնօրեն Զաուր Խալիլովի կարծիքով` հենց այդ իրադարձությունների ժամանակ պարզ դարձավ, որ օրենսդրական փոփոխությունների կարիք է զգացվում:

«Եթե այն ժամանակ օրենսդրությունը կարգավորեր այդ ամենը, ապա շատերը ձեռնպահ կմնային նման կոշտ հայտարարություններից: Իսկ այն ժամանակ, փաստորեն, կրոնական կամ ազգային որոշ խմբերի հալածանքի ենթարկելու կոչեր էին հնչում», - արձանագրել է թբիլիսցի փորձագետը։

Մի խնդրում, սակայն, փորձագետները համակարծիք են` Վրաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների շեմին ազգայնական կոչերի քանակը հազիվ թե նվազի:

«Կենցաղային այլատյացության ծավալները Վրաստանում չեն փոխվում, սակայն քաղաքական շրջանակներում ազգայնականության մակարդակը անշեղորեն աճում է», - նշել է Առնոլդ Ստեփանյանը: