Սերժ Սարգսյան. «Խորապես գիտակցում ենք ազատ եւ արդար ընտրությունների կարեւորությունը»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը, Բրյուսել, 6-ը մարտի, 2012թ.

Բրյուսելում երեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հարցը։

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց. - «Ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարեւորությունը մեր երկրի հետագա զարգացման համար»:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի նախագահը Եվրահանձնաժողովի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլը։

«Անկախ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը եւ Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուն։ Դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին», - ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով. - «Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության եւ աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռք բերման հետ: Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը»:

Խոսելով Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների մասին` Սերժ Սարգսյանը նշեց, որ երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան - ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը:

Ընդգծելով, որ Եվրամիության հետ քաղաքական երկխոսության հիմնական տարրը ներքին բարեփոխումների եւ եվրոպական օրակարգի համադրումն է` Հայաստանի նախագահը հայտարարեց. - «Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս»:

«Մենք ողջունել եւ կիսում ենք Եվրոպական միության «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը», - ասաց Սերժ Սարգսյանը։

Ժոզե Մանուել Բարոզուն ասաց, որ շատ կառուցողական հանդիպում են ունեցել։

«Իմ խոսքը նախագահին շատ հստակ էր` մենք ամբողջովին սատարում ենք նախագահի բարեփոխումների եւ արդիականացման օրակարգը եւ հավատարիմ ենք մնում` խորացնելու մեր ներգրավվածությունը Հայաստանի հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում։ Ես ուրախ եմ ասել, որ բարեփոխումները լավ առաջընթաց են արձանագրում», - հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահը։

Ասելով, որ պատրաստ են Հայաստանի հետ սկսել Ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները, նա միաժամանակ նշեց, որ Հայաստանի հետ գործընկերությունը միայն տնտեսական եւ առեւտրային հարցերի շուրջ չէ։ «Դա նաեւ համամարդկային արժեքներն են։ Ժողովրդավարությունը, հիմնարար իրավունքները եւ օրենքի գերակայությունը Ասոցացման համաձայնագրի հիմքն են կազմում, ինչը մենք բանակցում ենք Հայաստանի հետ, եւ դրանք ամուր հիմք են հանդիսանում մեր ներկա եւ ապագա հարաբերությունների համար», - ասաց Բարոզուն։

Եվրահանձնաժողովի նախագահը նշեց, որ առաջիկա խորհրդարանական, այնուհետեւ`նախագահական ընտրությունները կարեւոր փուլ են Հայաստանի բարեփոխումների համար։

Անդրադառնալով Ղարաբաղի հարցին, խոսելով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության մասին` Բարոզուն հայտարարեց, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին։

«Մենք պատրաստ ենք ամբողջովին փոխլրացնել միմյանց` ապահովելու համար փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդումը, եթե կողմերը ցանկություն հայտնեն», - ասաց Եվրահանձնաժողովի նախագահը։

Նույն օրը Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ։