«Արտ-էքսպո»-ն՝ յուրօրինակ հաշվետվություն

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Արտ-Էքսպո» ցուցահանդեսի բացմանը

Մարտի 3-4-ը Հայաստանի նկարիչների միությունում արդեն չորրորդ անգամ անցկացվեց «Արտ-Էքսպո»` արվեստների ցուցահանդեսը:
Մրջոցառման կազմակերպիչներից Հայկուհի Տաքսիլդարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ այս միջոցառումը յուրօրինակ հաշվետվություն է մշակույթի նախարարության համար. - «Մշակույթի նախարարության որդեգրած քաղաքականությամբ, պրոյեկտն այս տարի ստանձնել էր ներկայացնել ոչ թե առանձին, անհատ կազմակերպություններին, այլ ծրագրերը, որոնք արդեն իրականացվել են կամ պետք է իրականացվեն 2012-ի ընթացքում»:

Քանի որ 2012 թվականին Երեւանը հայտարարված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, կազմակերպիչները որոշեցին, որ միջոցառման հիմքում պետք է դրված լինի «Գրական քաղաք Արտ- Էքսպո» գաղափարը: Հետեւաբար, ներկայացված տաղավարներն ու նույնիսկ մուտքի ցուցապաստառները ներկայացված էին գրքի տեսքով:

«Ներկայացված են մոտավորապես 40-50 տաղավար` ցուցադրություններ, ցուցահանդեսներ, գրական, թատերական, մշակութային տարբեր ուղղություններ ներկայացնող տաղավարներ», - նշում է Տաքսլիդարյանը:

«Արտ-Էքսպո»-ին Համազգայինի թատրոնը ներկայացնում էր իր արված ու անելիք աշխատանքները: Համազգայինի թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի խոսքով՝ այս անգամ որոշել են խաչբառի միջոցով այցելուներին ներկայացնել թատրոնի առօրյան, դերասանններին ու խաղացանկը:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե որն է այսօր թատրոնի առաջնային խնդիրը, Նարինեն պատասխանեց, որ տարիներ շարունակ ցանկացել են լուծել թատրոնի շենքի հարցը, եւ ի ուրախություն բոլորիս՝ կարծես թե դրական տեղաշարժ կա. - «Խոսել են [Երեւանի գլխավոր ճարտարապետ] Նարեկ Սարգսյանի հետ, եւ կարծես խնդիրը լուծում է ստանում»:

«Արտ-Էքսպո»-ին «Գիսանե» թատերական փառատոնը ներկայանում էր առաջին անգամ: Փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին՝ որպես ներբուհական թատերական փառատոն, իսկ այսօր այն ընդլայնել է իր գործունեությունն ու դարձել հանրապետական երիտասարդական փառատոն: Կազմակերպիչներն ու մասնակիցները բացառապես երիտասարդներ են: Փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ արել են՝ փառատոնում ներգրավելու նաեւ մարզերի երիտասարդ թատերախմբերին:

Իսկ հարցին, թե թե ինչ նորություններ սպասենք նոյեմբերին կայանալիք «Գիսանե» երտասարդական փառատոնից, Հայկ Ավագյանը պատասխանեց. - «Այս տարի ներառվելու են ոչ միայն թատրոնի բնագավառի երիտասարդները, այլեւ կինոն, նկարչությունը, պարարվեստի ռեժիսուրան, իմպրովիզացիոն համարներ, կոլաժներ, խենթ ու խելագար մտահղացումներ: Փորձելու ենք 10 օր տոն սարքել ոչ միայն թատրոնի միջոցով»:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն էլ ներկայացրել է 2011 - 2012 թվականների իրենց ծրագրերը: Հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշում է, որ այս տարի շարունակելու են դեռ 2010 թվականին սկսած ուսումնասիրությունները Իրանի հայկական գաղթավայրերում, աշխատանքներ են նախատեսված նաեւ Դաղստանում` Դերբենդից հարավ, մինչեւ Ադրբեջանի սահմանը:

«Դա բնիկ հայկական գյուղերի վերջավորությունն է, որ ավարտվում է Դերբենդ քաղաքի մատույցներում: Սրանք բնիկ հայկական գյուղեր են, որ ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունեն, դեռ 19 դարի վերջերից վկայություններ կան, որ այդ գյուղերն ունեն խաչքարերով գերեզմաններ, բայց մինչեւ օրս այնտեղ ոտք չի դրվել՝ տեսնելու համար, թե ինչ է պահպանվել», - ասաց Կարապետյանը։

Հուշարձանագետը նշում է, որ ելնելով հայ - թուրքական, հայ - ադրբեջանական հարաբերություններից՝ ստիպված են աշխատել ծածուկ, ներկայանալով որպես զբոսաշրջիկներ, այնինչ խորհրդային տարիներին, երբ մուտքը խորհրդային Ադրբեջան խնդիր չէր ու կարելի էր հսկայական աշխատանքներ կատարել, ցավոք, չի արվել:

Իսկ «Ֆլեշմոբ» դիվիզիան էլ ներկայացնում էր «Մուտքը գրքով» նախաձեռնության վերջնական արդյունքները: Միջոցառման կազմակերպիչներից Էդուարդ Լեւոնյանը նշեց. - «Մեր առջեւ դրել էինք 2500-3000 գիրք, բայց վերջնական արդյունքում հավաքեցինք մոտավոր 11540 գիրք եւ 2000 գիրք լրացուցիչ նվեր ստացանք»:

«Ֆլեշմոբ» դիվիզիայի անդամ Դավիթ Համբարձումյանի խոսքով՝ մոտ օրերս գրքերը կուղարկվեն սահմանամերձ գյուղերի 28 գրադարաններին:

Your browser doesn’t support HTML5

«Արտ էքսպոյով» ամփոփվեց 2011-ի մշակութային կյանքն ու 2012-ի անելիքները