Համանախագահներ. «Շարունակելու ենք աշխատել»

Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 3-ը մարտի, 2012թ.

Տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները արդեն հանդիպել են Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարների հետ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը հանդիպել են նախօրեին Երեւանում։

Շաբաթ օրը Ստեփանակերտում նրանք հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ:

Ժակ Ֆորը, ով Ֆրանսիայից Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում առաջին անգամ է այցելել Լեռնային Ղարաբաղ, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չնայած շատ է կարդացել ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն ոչինչ ասել դեռեւս չի կարող:

Մեկ ամսից լրանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեության քսանամյակը, եւ հարցին` ինչպե՞ս են գնահատում այդ ընթացքը, Իգոր Պոպովը արձագանքեց, թե իրենց գործունեության հիմնական ձեռքբերումն այն է, որ հակամարտությունը չի տեղափոխվել թեժ գիծ:

Այդ համատեքստում ռուսաստանցի համանախագահը ավելացրեց, որ վերջին տարիներին սկսել են աշխատել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա, ինչը, սակայն, ընթանում է դանդաղ տեմպերով, չնայած, ինչպես ընդգծեց Պոպովը, «առաջընթաց կա»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք կարելի՞ է կարգավորման գործընթացում ինչ-որ համաձայնության հասնել մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունները, Ռոբերտ Բրադկեն պատասխանեց, որ ընտրություններ սպասվում են ոչ միայն Ադրբեջանում եւ Հայաստանում, այլ նաեւ իրենց երկրներում, եւ դա չի նշանակում, որ իրենք կդադարեն աշխատել: «Բնականաբար, շարունակելու ենք աշխատել», - հավելեց ամերիկացի համանախագահը:

Ի դեպ, կիրակի օրը Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակ Իգոր Պոպովը իր գործընկերների հետ գտնվելու է Երեւանում, որտեղ եւ քվեարկելու է, իսկ թե ում օգտին` ռուսաստանցի համանախագահը միայն ասաց, թե ժողովրդավարության օգտին է քվեարկելու:

Մինսկի խմբի միջնորդները Ադրբեջանում կլինեն երկուշաբթի օրը: