Մեթյու Բրայզա. «Հայկական Սփյուռքը չկարողացավ ներել ինձ»

Մեթյու Բրայզայի եւ Զեյնո Բարանի հարսանիքը, Ստամբուլ, 23-ը օգոստոսի, 2007թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան թողնում է դիվանագիտական աշխատանքն ու տեղափոխվում Թուրքիա` մշտական բնակության: Այս մասին է հաղորդում ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով արդեն նախկին ամերիկացի դիվանագետի` թուրքական պարբերականների աշխատակիցների հետ ունեցած զրույցները:

Մասնավորաբար, Բրայզան եւ նրա ազգությամբ թուրք կինը` հայտնի ստամբուլցի վերլուծաբան Զեյնո Բարանը, օրերս մի ծավալուն հարցազույց են տվել Hurriyet օթաթերթին` խոսելով նախկին դեսպանի հետագա անելիքների եւ փայլուն մեկնարկած դիվանագիտական կարիերայի ոչ այնքան բարենպաստ վախճանի մասին:

«Ես դարձա հայկական Սփյուռքի զոհը, այն չկարողացավ ներել ինձ` թուրք կնոջ հետ ամուսնության համար», - ասել է Բրայզան` նշելով. - «Երբ նախագահ Օբաման 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն չանվանեց, հայկական Սփյուռքը` ի դեմս Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, որոշեց ինձ դարձնել հարձակումների հիմնական թիրախ»:

Բրայզայի խոսքով` հայերը համոզված են, թե ինքը տարածաշրջանային խնդիրներում անաչառ չէ:

«Հիմա էլ ինձ կսկսեն մեղադրել թուրքասիրության մեջ: Այո, ես սիրում եմ Թուրքիան, բայց դրա հետ մեկտեղ արդյոք ես չե՞մ կարող սիրել նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ արդյոք պետք չէ՞ սիրել այդ բոլոր երկրները, որպեսզի կարողանաս գտնել ղարաբաղյան խնդրի լուծման բանալին: Թե՞ հարկավոր է որեւէ քայլի չդիմել եւ շարունակել մնալ հնարավորինս աննկատ հայ ղեկավարների համար, որպեսզի նրանք քեզ անաչառ միջնորդ համարեն», - ասել է Բրայզան:

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա Բրայզան, ըստ «Թուրան» գործակալության, արդեն իսկ աշխատանքի է անցել թուրքական բանկերից մեկում:

«Ես զբաղվելու եմ խորհրդատվական գործունեությամբ` իմ խորհուրդներով օգնելու եմ մարդկանց, կառավարությանն ու մասնավոր սեկտորին նախեւառաջ խոշոր ներդրումային ծրագրերին վերաբերող խնդիրներում», - ասել է Բրայզան Hurriyet-ի թղթակցին` հավելելով. - «Դուք անգամ չեք պատկերացնում, թե որքան երջանիկ եմ ես, որ ապրում եմ Ստամբուլում: Ի վերջո տեսեք` ես ամուսնացած եմ թուրք կնոջ հետ»: