Նալբանդյան. «Ընդունված օրենքը արտացոլում է ֆրանսիացի ողջ ժողովրդի կարծիքը»

Ֆրանսիայում ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքն «արտացոլում է ֆրանսիացի ժողովրդի զգացմունքները, ողջ ժողովրդի կարծիքը»: Նման համոզմունք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական Der Standard օրաթերթին տված հարցազրույցում։

Հարցին` արդյո՞ք Հայաստանը այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետեւեն նաեւ այլ երկրներ, Նալբանդյանը արձագանքել է. - «Մոդել է, թե ոչ, համենայնդեպս ես վստահ եմ` նման որոշումներ ընդունելու են նաեւ այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ ցեղասպանությունը մարդկության դեմ գործված հանցագործություն է, որը բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին: Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում»:

Լրագրողի դիտարկմանը, թե վկայակոչելով Ֆրանսիայի մեծ հայկական համայնքը` քննադատները օրենքի ընդունումը կապում են նաեւ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ, Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. - «Ոչ, այդպես չէ: Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից՝ լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել եւ ընդունվել է Ազգային ժողովում եւ Սենատում»:

Նույնը, ըստ նրա, տեղի է ունեցել նաեւ 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ «այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման համար», եւ «եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է»:

«Սակայն Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդին դիմելը ցույց է տալիս, որ չնայած լայն շրջանակների հավանությանը` ցեղասպանության մասին օրենքը վիճարկելի է», - ասել է լրագրողը, ինչին Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. - «Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը: Նրանք գլուխ են գովում Սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը՝ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել: Չեմ կարծում որեւէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել»:

Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե «հարցի լուծման հիմնական խոչնդոտ է հանդիսանում այն, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական տարածքի զգալի մասը», Նալբանդյանը հայտարարել է. - «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը՝ ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձեւավորել Ղարաբաղի շուրջ: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մեկն է: Սակայն եթե Ադրբեջանը շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրա եւ շրջանցում է առաջարկների մնացած բոլոր ասպեկտները, դրան ի պատասխան` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թվականին Աստանայում՝ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակվել են որպես մեկ ամբողջականություն, եւ դրանք տարանջատելը, կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է»: