«Հանրապետություն»-ը «մանդատների համար չի պայքարում»

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը (Ձ) եւ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջնորդում են ընդդիմության հանրահավաքը, արխիվ

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, մեկնաբանելով կուսակցության երեկվա որոշումը, ըստ որի Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համամասնական ցուցակում «Հանրապետություն»-ից ընդգրկված կլինի միայն Արամ Սարգսյանը, հայտարարեց, որ այսպիսով Արամ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն ապացուցում է իր սկզբունքայնությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աբրահամյանն ասաց` իրենք մանդատների համար չեն պայքարում, այլ Ազգային ժողովի ընտրությունները դիտարկում են լոկ որպես երկրում սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն:

«Հանրությանը, ժողովրդին, քաղաքական դաշտին ցույց տվեցինք, որ մենք մեր սկզբունքների տերն ենք ի սկզբանե եւ հիմա: Մեր խնդիրը մանդատները չեն. բացի այդ ՀԱԿ-ի կազմում 18 քաղաքական կուսակցություններ կան, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, անհատ անձինք, այդ առումով ՀԱԿ-ի հոգսերը թեթեւացնելու համար մենք երկար քննարկումներից հետո ինչ-որ մի տեղ որոշակի շատ ամբիցիա ունեցող քաղաքական ուժերի եւ անհատների ցույց տվեցինք, որ վերջին հաշվով ճիշտը սա է, թող ինքնանպատակ չլինի այդ մանդատ վերցնելու խնդիրը», - ասաց Աբրահամյանը:

Սուրեն Աբրահամյանը չմանրամասնեց, թե որ ուժերին նկատի ունի «շատ ամբիցիաներ ունեցող» ասելով, եւ արդյո՞ք շատ են Կոնգրեսի ցուցակում շատ տեղեր զբաղեցնելու հավակնություններ ունեցողները: Նա հերքեց այն կարծիքները, թե «Հանրապետություն» կուսակցությունը նեղացած է այն հանգամանքից, որ նախկին ընտրություններում, հետընտրական շրջանում մեծ աշխատանք են տարած կուսակցականների անունները կամ ՀԱԿ-ի քննարկվող ցուցակում չեն ընդգրկվել, կամ ընդգրկվել են ոչ անցողիկ տեղերում:

«Բացարձակապես նման խնդիր չկա: Մեզ համար մեր արժանապատվությունն ու բարոյականությունն ավելի կարեւոր են, քան մեր քաղաքական ամբիցիաները», - ասաց նա:

Արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության որոշմանը` ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը որպես «հարգանքի արժանի դիրքորոշում» որակեց այն: