«Խոդորկովսկին Պուտինի բանտարկյալն է»

Ծագումով հայ լրագրողը Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահության թեկնածու Վլադիմիր Պուտինի մասին երկրորդ գիրքն է գրել։
2000 թվականին Ռուսաստանում լույս տեսած «Առաջին դեմքից. զրույցներ Վլադիմիր Պուտինի հետ» գիրքն անմիջապես «բեստսելեր» էր դարձել։

Այն ժամանակ Պուտինի մասին տեղեկատվության պակաս կար։ Ի՞նչ գիտեր ընթերցողը նրա մասին. Պուտինը ուսանել է Լենինգրադի համալսարանում, աշխատել է ՊԱԿ-ում, գործուղվել է Գերմանիայի Դեմոկրատական հանրապետություն, վերադարձել Լենինգրադ, որը դարձել է Սանկտ-Պետերբուրգ, սկսել է համագործակցել Անատոլի Սոբչակի հետ, տեղափոխվել է մայրաքաղաք` նախագահի աշխատակազմ, նորից վերադարձել է ՊԱԿ, որի նոր անունն է Անվտանգության դաշնային ծառայություն, նշանակվել է վարչապետ, ապա դարձել նախագահի պաշտոնակատար։

Այն ժամանակ Պուտինին շատերն են համակրել նաեւ Արեւմուտքում։

Այդ գրքի երեք համահեղինակներից մեկը ծագումով հայ լրագրող Նատալյա Գեւորգյան է։

Եվ ահա 12 տարի անց Վլադիմիր Պուտինը պատրաստվում է վերընտրվել նախագահ, իսկ Նատալյա Գեւորգյանը հեղինակել է մի նոր գիրք` «Պուտինի բանտարկյալները. Պուտին եւ Խոդորկովսկի»։

Ֆրանսիայում լույս տեսնող «Le Monde» հանդեսին տված հարցազրույցում լրագրողը կարծիք է հայտնել, որ քանի դեռ Պուտինն է իշխելու` Խոդորկովսկին դժվար թե ազատություն ստանա։

«Ռուսական արդարադատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գործիք իշխանության ձեռքում։ Գործիք, որն ապահովում է իշխանության քաղաքական եւ տնտեսական շահերը»,- ասել է Նատալյա Գեւորգյանը։

Նրա փոխանցմամբ, հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ հարցվածների միայն 10-ը տոկոսն է արդար համարում Խոդորկովսկու կալանքը, իսկ 67 տոկոսը համոզված է, որ ՅՈԻԿՈՍ-ի քայքայումն իրականացրել են Պուտինին մոտ կանգնած գործարարներն ու բյուրոկրատները։

«Երբ Պուտինը նոր էր իշխանության գլուխ անցել, նա երկու բանից էր վախենում` լրատվամիջոցներից եւ օլիգարխներից։ Ինձ թվում է, որ նա ինքն իրեն այսպես էր տրամադրել` «եթե շարքից հանեմ ամենաազդեցիկին, մնացածները հլու-հնազանդ կդառնան»։ Ակնհայտ է, որ նա հասել է իր ուզածին»,- ասել է Գեւորգյանը եւ ավելացրել.- «Պուտինը հաստատ անտարբեր չէ Խոդորկովսկու նկատմամբ, ամեն անգամ, երբ նրա անունն են տալիս, Պուտինը բառիս բուն իմաստով կատաղում է»։

Լրագրողի համոզմամբ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարող է ներում շնորհել Խոդորկովսկուն, սակայն չի համարձակվի դա անել, քանի որ միայն Պուտինի ձեռքում է բանտարկված ըմբոստ նախկին օլիգարխի ճակատագիրը։

«Եթե Պուտինն ընտրություններից հետո հավատա, որ իր դիրքերը հզոր են, ապա գուցեեւ ներում շնորհի Խոդորկովսկուն, այդպես ցույց տալով երկրին եւ ամբողջ աշխարհին, որ ոչ ոք` նույնիսկ ազատ Խոդորկովսկին, ի զորու չէ կասկածի տակ առնել իր իշխանությունը»,- ասել է Նատալյա Գեւորգյանը։

Լրագրողը ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե ենթադրում է, որ Պուտինը հենց առաջին փուլում կհաղթի։

«Չեմ կարծում, որ նա այդքան աջակցություն ունի առաջին փուլում ազնիվ հաղթելու համար, սակայն Ռուսաստանում դա խնդիր չէ, Պուտինը կստանա այնքան ձայն, որքան անհրաժեշտ է: Այլ հարց է, թե ինչպես փողոցը կարձագանքի»,- ասել է «Պուտինի բանտարկյալները. Պուտին եւ Խոդորկովսկի» գրքի հեղինակ Նատալյա Գեւորգյանը։

Your browser doesn’t support HTML5

«Խոդորկովսկին Պուտինի բանտարկյալն է»